Հռոմի պապը չգիտի Հայաստան կգա, թե ոչ
«Պատրաստվու՞մ եք արդյոք հայոց կոտորածների 101-րդ տարելիցին մեկնել Հայաստան, ինչպես Թուրքիա էիք մեկնել»,-Հռոմի Պապին հարցրել է Իտալական «Le Repubblica» պարբերականի լրագրող Մարկո Անսալդոն, երբ Պապը սկսել է պատասխանել լրագրողների հարցերին:
Հարց ու պատասխանը տեղի է ունեցել ինքանթիռում՝ դեպի աֆրիկյան երկրներ կատարած իր վեցօրյա ուղևորության ավարտին՝ տեղեկացնում է «Milliyet» թերթը:
Պապը պատասխանել է՝ «Անցյալ տարի երեք պատրիարքի խոստացել եմ այցելել Հայաստան: Խոստում կա: Չգիտեմ՝ կկարողանամ արդյոք դա իրականացնել, թե ոչ, բայց խոստացել եմ»:
Լրագրողը փորձել է պարզել նաև Վատիկանի դիրքորոշումը Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի պատճառով առաջացած լարվածությանը:
«Չգիտեմ ինչ է մտածում Վատիկանը: Անձամբ ես մտածում եմ, որ պատերազմը մեղք է»,- ասել է հովվապետը: