Սեւ ծովի հատակին հայտնաբերվել է «Արմենիա» ջերմանավը, որը նացիստական ավիացիան խորտակել էր 1941-ին
Սեւ ծովի հատակին հայտնաբերվել է «Արմենիա» ջերմանավը, որը նացիստական ավիացիան խորտակել էր 1941 թվականի նոյեմբերի 7-ին: Այն հայտնաբերել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւ Ռուսական աշխարհագրական միությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դեռևս 2017-ին որոնողական գործողության ժամանակ, որն անցկացվում էր ռուսական ռազմական գերատեսչության ուժերով, մագնիսաչափը ծովի հատակին հայտնաբերել է մագնիսական անոմալիա:
2020-ին շրջանը հետազոտել են հիդրոտեղորոշիչով: Արդյունքում հայտնաբերել են խորտակված նավի մնաոորդը, որն իր չափերով համընկնում է «Արմենիա» ջերմանավի տվյալներին:
Որոնողական գործողությունն անցկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Նշենք, որ «Արմենիա» ջերմանավը, Երկրորդ աշխարհամարտի տարիներին օգտագործված խորհրդային մարդա-բեռնատար ջերմանավ էր, որը 1941 թ. նոյեմբերի 7-ին խորտակվել է նացիստական օդուժի ռմբակոծությունից՝ Ղրիմից վիրավորներ և քաղաքացիականներ տարհանելիս։ Խորտակման պահին նավի վրա կար 5000-10.000 մարդ, այդպիսով՝ դա հավանաբար մարդկության պատմության ամենախոշոր նավաբեկությունն է և ամենամեծ ծովային աղետներից մեկը։