Արայիկ Հարությունյանը ներկայացրել է` ինչ կարգով են այս տարի իրականացվելու բուհերի ընդունելության քննությունները (տեսանյութ)
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերում ներկայացրել է, թե ինչ կարգով են այս տարի իրականացվելու բուհերի ընդունելության քննությունները:
«Ընտրել ենք օպտիմալ տարբերակը, որպեսզի կարողանան և՛ դիմորդների գիտելիքը չափել, և՛ հնարավորինս չխոչընդոտենք հակահամավարակային միջոցառումներին ու խնդիրներ չստեղծենք»,- ասաց նախարարը:
Նա հիշեցրեց, որ գործող ընթացակարգի համաձայն, դիմորդներն իրենց հայտերն արդեն լրացրել են մինչև մայիսի 15-ը: Բայց, քանի որ ընթացակարգի փոփոխություն է տեղի ունեցել, անհրաժեշտություն է առաջացել հայտեր ներկայացնելու հնարավորություն տալ նաև նախորդ տարիների շրջանավարտներին կամ այն բուհեր դիմած դիմորդներին, որոնց քննություններն անորոշ ժամանակով հետաձգվել են: Այդ նպատակով նախարարությունում որոշում է կայացվել մայիսի 25-ից հունիսի 15-ը ժամանակ հատկացնել դիմորդներին հայտերի ներկայացման համար:
«Դիմորդները հնարավորություն կունենան ընտրել թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը: Մինչև մարտի 15-ը մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվեն քննությունների համար վճարված գումարները՝ փոխանցման միջոցով: Այսինքն՝ մենք միայն մի քննություն ենք հանձնելու: Մենք հիմա բուհերից առաջարկներն ստացել ենք ու քննարկելու ենք, և մինչև մարտի 30-ը կասենք, թե որն է լինելու այդ միակ ու հիմնական քննության առարկան»,- ասաց Հարությունյանը:
Այս կարգն ընտրվել է այն մտահոգությամբ, որ ընդունելությունը չիրականացվի միայն ատեստատի գնահատականի հիման վրա, և անպայման ստուգվի նաև իրական գիտելիքը: