«Ասել են՝ փողը դեռ մի բաժանեք». Ավանի և Շենգավիթի մարզադպրոցների աշխատողները չեն ստանում փոխանցված աշխատավարձը. ո՞ւմ մատն է խառը
Երևանի Ավան և Շենգավիթ վարչական շրջանների մարզադպրոցների աշխատողներն ահազանգում են թաղապետարանների կամայականությունների մասին։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում մարզադպրոցի աշխատակիցները նշեցին, որ քաղաքապետարանից գումարները փոխանցվել են թաղապետարաններ, վերջիններս էլ թեև իրենց հերթին այդ գումարները սպորտդպրոցների հաշվեհամարին են փոխանցել, բայց հաշվապահներին հրահանգել են, որ գումարները չկանխիկացնեն։
Համենայնդեպս, սպորտդպրոցների աշխատողներն աշխատավարձ չեն ստացել հենց այս պատճառաբանությամբ։
«Էսօր մենք չգիտենք՝ էս կարանտինի պայմաններում ինչ անենք, ոնց աշխատենք, ոնց ընտանիք պահենք, ասել են՝ փողը դեռ մի բաժանեք»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատողներից մեկն ու ընդգծեց, որ մյուս վարչական շրջաններում արդեն գումարներն ստացել են և միայն Շենգավիթի ու Ավանի մարզադպրոցներն են նման հրահանգ ստացել։
Փորձեցինք կապ հաստատել թաղապետարանների համապատասխան բաժինների պատասխանատուների հետ։ Ավան վարչական շրջանի թաղապետարանի ընդունարանի աշխատակցուհին իր տարակուսանքը հայտնեց նման հրահանգի առնչությամբ։
«Գիտեք, ինձ թվում է սուտ են ասում, քանի որ նման հրահանգ չէր կարող լինել, հատկապես որ գումարներն արդեն փոխանցվել են դպրոցների հաշվեհամարին։ Ինչո՞ւ պետք է ասեին՝ դեռ մի ստացեք»,- ասաց թաղապետարանի աշխատակցուհին ու հորդորեց, ամեն դեպքում, խնդրի շուրջ խոսել կրթության բաժնի պատասխանատու Լիլիթ Ղազարյանի հետ՝ միևնույն ժամանակ զգուշացնելով, որ հնարավոր է նա աշխատասենյակում չլինի. «Դե գիտեք, կարանտին է, աշխատողները կարող են տեղում չլինել»։
Ինչպեսև մեր զրուցակիցը «կանխատեսում» էր, մեր զանգերին պատասխանողներ չեղան։ Հեռախոսազանգերն անպատասխան մնացին նաև Շենգավիթի թաղապետարանի դեպքում։
Իհարկե, հարց է առաջանում, թե ինչո՞ւ և ո՞վ հրահանգել գումարները դեռ չբաժանել, ո՞ւմ է ձեռնտու խառնաշփոթ ստեղծել, այն էլ այս կարանտինի շրջանում, երբ գումարն այդքան անհրաժեշտ է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին։
Ամեն դեպքում կարծում ենք կարանտինն այնուամենայնիվ պատճառ չի դառնա Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի ու Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի համար, համապատասխան զանգեր կատարել և լուծել այս «գլուխկոտրուկը»` հասկանալու համար, թե ում կամայականության արդյունքում են այսօր մարզադպրոցների աշխատողները զրկվել հասանելիք գումարներից։
Վարչական շրջանների ղեկավարներին գուցե շատ արագ հաջողվի կարգավորել խնդիրը, եթե իհարկե այս գործում իրենց «մատը խառը չէ»։