Ժամանակավորապես կարգելվի մուտքն Արցախ
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության և տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ և Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:
Բացառություն կարվի.
- Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,
- բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում,
- Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց և լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։