Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասը չի ցանկացել վերադառնալ հատուկ չվերթով. ԱԳՆ
Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասը չի ցանկացել վերադառնալ հատուկ չվերթով, որը կազմակերպվել էր անցած կիրակի օրը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու է Իտալիայում ՀՀ դեսպանություն դիմած շուրջ 150 քաղաքացիներից, մարտի 15-ի հատուկ չվերթով ՀՀ վերադարձել 63-ը։
«Երբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին տեղեկացրել են, որ նրանք ՀՀ-ում պետք է անցնեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ Հայաստան: Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ 3-րդ երկրներով, բայց նրանք ևս Հայաստանում հայտնվելիս ենթարկվել են պարտադիր կարանտինային ռեժիմի, քանի որ դա վերաբերում է ելից երկրին, ոչ թե տարանցիկ երկրներին»,- նշեց Նաղդալյանը։