Ինչ ախտանշանների դեպքում է կատարվում թեստավորումը․ փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել
Եթե անձն ունի կլինիկական ախտանիշներ՝ ջերմություն, հազ, շնչառության դժվարություն, երկրորդ պայմանը, որ ժամանել է համաճարակաբանական առումով լարված երկրներից և երրորդ պայմանը, եթե շփում է ունեցել դրական հաստատված դեպքի հետ, ապա, այս դեպքերի համար անհրաժեշտ է անցնել թեստավորում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
Նա նշեց, որ վիրուսը նոր է և հիվանդության տարածման, ախտորոշման հետ կապված աշխատանքների հիմքում ընկած են միջազգային գործընկերների փորձն ու նրանց խորհուրդներն ու ուղարկված թեստերը։ Նանուշյանի խոսքով՝ այս պահին Հայաստանն ապահովված է բավարար քանակությամբ թեստերով։
«Մինչև այս շաբաթվա վերջ արդեն հինգ հազարից ավելի թեստ կունենանք, դա բավարար է մեր աշխատանքներն իրականացնելու համար, բայց դա չի նշանակում, որ աշխատանքներ չենք տանում, որ նոր թեստեր ձեռք բերենք, աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են, որպեսզի լրացուցիչ թեստեր ձեռք բերենք»,- ասաց նա:
Փոխնախարարի խոսքով, մինչ այս պահը հաստատված դեպքերի մեջ ծանր հիվանդներ չկան։ Նա տեղեկացրեց, որ կա 2 թոքաբորբի դեպք, որը թեթև ընթանում է:
«Մնացած բոլոր հիվանդները թեթև են տանում, նույնիսկ կան դեպքեր, որ չեն ջերմում»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ հնարավոր է կորոնավիրոսով հաստատված անձը բուժման կարիք չունենա։