Կորոնավիրուսով 3 պացիենտի հետ շփված 10 մարդ կարանտինի մեջ է․ Արսեն Թորոսյան
Կորոնավիրուսով վարակված 3 պացիենտները վերադարձել են Իտալիայից։ Այսօր՝ մարտի 12-ի կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ այդ պահին նրանց մոտ ոչ մի ախտանիշ չի հայտնաբերվել, դրանք ի հայտ են եկել ավելի ուշ։ Նախարարը տեղեկացրեց, որ այդ մարդկանց հետ շփման մեջ մտած մի քանի քաղաքացիներ ևս մեկուսացվել են։
Կորոնավիրուսով 3 պացիենտի հետ շփված 10 մարդ կարանտինային մեկուսացման մեջ է։
«Պացիենտների հետ շփված մի քանի մարդկանց մեկուսացրել են՝ կարանտինի մեջ են իրենց բնակության վայրում, բայց բացառված չէ, որ այսօրվա ընթացքում նրանցից մի քանիսին կտեղափոխենք Ծաղկաձոր, որտեղ դեռևս գտնվում է 31 մարդ, ովքեր շփվել էին Իրանից վերադարձած կորոնավիրուսով առաջին պացիենտի հետ»,- ասաց Թորոսյանը։
Նա նշեց, որ հաստատված կորոնավիրուսային ինֆեկցիայով 4 պացիենտից 3-ի մոտ ոչ մի ախտանշան չկա, չորրորդի մոտ թոքաբորբ է, ունի ջերմություն, և նա սիմպտոմատիկ բուժում է ստանում: