Վանաձորի և Գյումրիի քաղաքապետերը այլևս կնշանակվեն
Տարոն Մարգարյանին ժողովուրդը չի գնացել ընտրել և դրանից Երևանը չի քանդվել, երևանցիները չեն դժգոհում: «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուին այսօր ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:
«Այո»-ի ճակատի ներկայացուցիչը նկատում է, որ Սահմանադրության փոփոխության դեպքում, այն համայնքներում, որոնք ունեն հարյուր հազարից ավելի բնակիչ՝ համայնքի ղեկավարը կնշանակվի, իսկ մյուսներում ընտրովի համակարգը կշարունակվի:
Հրայր Թովմասյանի դիտարկմամբ՝ Երևանի փորձով, քաղաքապետեր կնշանակվեն նաև Վանաձորում, Գյումրիում և Կապանում:
Հրայր Թովմասյանի խոսքով՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը ընդդիմության լիազորությունները մեծացնում է: Ըստ նրա՝ եթե ներկա Սահմանադրության պարագայում ընտրություններում հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, ապա փոփոխության դեպքում ընդդիմությունը ստանում է իշխանության գործունեությունը վերահսկելու հնարավորություն:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Նոր Սահմանադրությամբ նախատեսված է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: