«Հանրապետություն» կուսակցությունը միանում է Այո-ի քարոզչությանը․ հայտարարություն
«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կուսակցությունը միանում է Այո-ի քարոզչությանը
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Ելնելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման անհրաժեշտությունից, երբ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները փոխվել են օրինական ընտրությունների արդյունքում, իսկ դատական իշխանության հանդեպ կա տոտալ անվստահություն եւ ՍԴ-ն համարվում է այդ իշխանության բարձրագույն մարմինը՝ հանրային ընկալման մեջ ունենալով նախկին իշխանության սպասարկուի անբեկանելի համբավ, իրավիճակ, որ չունի հանգուցալուծման քաղաքակիրթ այլ տարբերակ, քան հանրաքվեն, «Հանրապետություն» կուսակցությունը միանում է Այո-ի քարոզչությանը։
Միեւնույն ժամանակ՝ «Հանրապետություն» կուսակցությունը հիշեցնում է, որ Աժ արտահերթ ընտրություններից անմիջապես հետո առաջարկել է նոր ՍԴ ընտրել՝ հիմնավորելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտությամբ, որն էլ մնացել է անպատասխան: «Հանրապետություն» կուսակցությունը ի սկզբանե դեմ էր եւ ակտիվ Ոչ-ի կողմնակից է եղել 2015-ի Սահմանադրության փոփոխություններին ու խորհրդարանական կառավարման մոդելին: Մենք գտնում ենք, որ Հայաստանում հիմնական, չփոփոխվող եւ արագ որոշումների հնարավորություն տվող մոդել կարող է լինել միայն լրիվ նախագահական կառավարում ապահովող համակարգը։
Մենք համոզված ենք, որ 2015-ի Սահմանադրությունը անկատար է, լի մեծ ու փոքր հակասություններով, եւ վաղ թե ուշ ամբողջությամբ պիտի փոխվի»: