Փաշինյանը Ապրիլյան պատերազմը «ՌԴ-ի կողմից կազմակերպելու» մասին գրառումը ՖԲ-ից չի ջնջել, բայց ՌԴ-ն մեր «եղբայրն ու բարեկամն է» (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջից չի ջնջել 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին իր տեսակետը: Այդ մասին նա հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով լրագրողի հարցին: Վերջինս հիշեցրեց, որ այն ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, թե Քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ, և հետաքրքրվեց Փաշինյանից, թե այսօր այդպե՞ս է մտածում, թե ոչ:
Նախկին ընդդիմադիր գործիչ ու այսօր արդեն երկրի ղեկավար Փաշինյանը հարցին ուղիղ չպատասխանեց: Նա պարզապես շեշտեց, որ իր գրառումը Ռուսաստանի իր գործընկերների հետ, բարիդրացիական մթնոլորտում քննարկել է:
«Ես մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկների հետ և շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական, ռազմավարական դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել, վերլուծենք ենք իրավիճակը մանրամասն և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները: Ես Ձեր հարցին պատասխանեցի»,- եզրափակեց Փաշինյանը:
Հաշվի առնելով, որ Փաշինյանը մի կողմից շեշտում է, որ հարցը քննարկել է Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից Ռուսաստանին որակում է որպես դաշնակցի ու խնդրի շուրջ քննարկումների մթնոլորտը գնահատում «բարեկամական, եղբայրական», կարելի է ենթադրել, որ Փաշինյանը գրառումը թեկուզև չի ջնջել իր էջից, բայց նախկին տեսակետին այլևս այնքան էլ հակված չէ: