Ձերբակալված լրագրողուհու համագյուղացիները շոկի մեջ են
Ինչպես հայտնի է Երևանում վնասազերծված զինված հանցախմբի հետ են կապում «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր Հայր Անտոն ծայրագույն Վարդապետ Թութունջյանին , նաեւ ռադիոյի աշխատանքները համակարգող 30-ամյա Լիլիթ Թորոսյանին, ովքեր ևս ձերբակալվել են: Ընդ որում՝ Լիլիթ Թորսյանին բերման են ենթարկել տնից: Նա ապրում է Շիրակի մարզի Արևիկ գյուղում: Newspress.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի Արևիկ համայնքի ղեկավար Գարեգին Ստեփանյանն ասաց, որ գյուղում շոկի մեջ են.«Շնորհքով, համեստ երեխա է, 2000 բնակիչ ունենք, բոլորն էլ չեն հավատում, որ Լիլիթը հանցախմբի անդամ է, դաստիարակված երեխա է »,-վստահեցրեց Գարեգին Ստեփանյանը:
Նա նաև նշեց, որ Լիլիթը ծնողների հետ ապրում է գյուղում, իսկ եղբայրը՝ Գյումրիում .«Հարգված ընտանիք է, տենանք էս քննություննն ի՞նչ կասի, բայց էլի ասեմ, գյուղում չեն հավատում»,-ասաց նա:
Գյուղապետը նաև ընդգծեց, որ Լիլիթի պահվածքի մեջ վերջին ժամանակահատվածում ո’չ ծնողները, ո’չ էլ համագյուղացիները տարօրինակ ոչինչ չեն նկատել.«Առավոտը գնում էր աշխատանքի, գործից հետո տուն գալիս, թե էս ի՞նչ ա եղել , չենք հասկանում»,-ասաց նա: Գյուղապետը նաև պատմեց, որ Լիլիթը ավարտել է Գյումրու Մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժինը: