Սրանով փորձ է կատարվում ճնշել մամուլին, ինչ-որ ձևով կաշկանդել. Լևոն Քոչարյան
Արմեն Թավադյանը մեր ընկերն է, մեր հարազատն է, և ես չէի կարող չգալ: Այդ մասին այսօր Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Հարցին, թե Թավադյանին կալանքի տակ պահելու գործընթացը կապված է Ռոբերտ Քոչարյանին աջակցելո՞ւ հետ, թե՞ ազատ մամուլը ճնշելու փորձ է, Լևոն Քոչարյանն ասաց, որ երկուսն էլ, բայց ավելի հակված է մտածելու, որ մամուլի հետ է կապված.
«Իշխանության տարբեր արձագանքներից հասկանում ենք, որ թիրախավորում են կոնկրետ հեռուստաալիքներ, լրատվամիջոցներ: Երևի թե նաև սրանով փորձ է կատարվում ճնշել մամուլին, ինչ-որ ձևով կաշկանդել»,- ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ հարց է առաջանում, որ եթե Թավադյանի գործով մյուս մեղադրյալը ստորագրությամբ բաց է թողնված, ապա ինչո՞ւ է կալանավորված Արմեն Թավադյանը:
«Ես կոնկրետ միտում եմ տեսնում այստեղ: Նայեք՝ եթե չեմ սխալվում, այդ տեսանյութը նկարահանված էր սեպտեմբեր ամսին: Այնտեղ տեսնում ենք, որ զենք կա դրված: Մի քանի ամիս սպասել, հետո ինչ-որ գործողություն անելու իմա՞ստը: Շատ բաներ կան, որ հարցեր են առաջացնում, որոնց պատասխանը ես չունեմ, կարող ենք ենթադրություններ անել»,- նշեց Լևոն Քոչարյանը: