«Գործս արել եմ հավեսով ու նվիրումով». ինչու է Վլադիմիր Կարապետյանն ազատվել պաշտոնից
Վարչապետի մամուլի քարտուղարն ազատվել է պաշտոնից: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։
Շնորհակալ եմ»։
Մինչ այդ, Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վլադիմիր Կարապետյանը կազատվի պաշտոնից.
« Չար լեզուները ասում են, որ շատ շուտով Նիկոլ Փաշինյանի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից կազատվի Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, իսկ քիչ ավելի ուշ նույն ճակատագրին կարժանանա Հովհաննես Մովսիսյանը:
Փաշինյանը դժգոհ է Վլադիմիր Կարապետյանի աշխատանքից, դրա համար նաև հիմք է հանդիսացել այն, որ Կարապետյանը Պուտինին հարց տալու համար գաղտնի ակրեդիտացիա էր տվել Ռուսթավի 2 հեռուստաալիքի լրագրողին և որքան էլ զարմանալի է Փաշինյանը չի կարողացել Կրեմլում կռուտիտ անել թեման: Հովհաննես Մովսիսյանի պարագայում, իմ ունեցած տեղեկություններով, պատճառը ֆեյքերի ֆաբրիկայի ոչ բավարար աշխատանքն է, որի վրա հսկայական միջոցներ են ծախսվում, բայց ըստ էության Փաշինյանն ինքն էլ է հասկանում, որ դրանք այլևս քիչ ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա:
Կարճ ասած վերոնշյալ պաշտոնյաներն ամենայն հավանականությամբ կհեռացվեն աշխատանքից և պատմության մեջ կմնան, որպես Պոպուլիզմի իշխանության հավատավոր ծռաներ...»: