«Իշխանության նյարդերը տեղի են տալիս». Արշակ Մուսախանյան
Երևանի Doube Tree by Hilton հյուրանոցը խախտել է «Չեք անցկացնի» նախաձեռնության հետ ունեցած պայմանագիրը՝ չտրամադրելով դահլիճ, «Ոչ»-ի երիտասարդական ֆորումի շրջանակներում նախատեսված միջոցառման անցկացման համար: Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները` հավելելով, որ նոյեմբերի 30-ին կայանալիք «Ոչ»-ի երիտասարդական ֆորումը չեղյալ են համարում:
Նախաձեռնության անդամները այս համատեքստում նշեցին, որ առկա է իշխանության կողմից ճնշումը: «Հյուրանոցի աշխատակիցները մեզ բաց տեքստով ասացին, որ վերևից դահլիճը մեզ չտրամադրելու հրանգ է եղել»,- նկատեց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենց բողոքը ոչ թե հյուրանոցի աշխատակիցների, այլ իշխանության նկատմամբ է. «Իշխանության ճնշումների պատճառով ստեղծվել է վախի մթնոլորտ: Նրանք վախենում են կորցնել իրենց աշխատանքը: Եվ սա առաջին դեպքը չէ: Իշխանությունը քարոզչության համար ստեղծում է անհավասար պայմաններ»:
Նախաձեռնության անդամները վստահ են` իշխանությունը մտավախություն ունի, թե հանրաքվեում «Ոչ»-ը կհաղթի:
«Իշխանության նյարդերը տեղի են տալիս, քանի որ «Ոչ»-ի քարոզչական հաղթարշավն այլևս ակնհայտ է»,-իր խոսքում ասաց նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը: Նա վկայակոչեց բուհերում վերջերս տարված ակցիան, որի շրջանակներում բաժանվել են 2000 թռուցիկներ: Հանդիպած ուսանողներից միայն մի քանիսն ասացին, որ «Այո» են ասելու հանրաքվեին: