Ադրբեջանը պատրաստ է անել ամեն ինչ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման համար
Ադրբեջանի խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրված Օգտայ Ասադովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ասադովը շնորհավորել է Չավուշօղլուին Թուրքիայում նոր կառավարության ձևավորման առթիվ:
Հանդիպման ժամանակ Ասադովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է անել ամեն բան, որպեսզի նվազի Թուրքիայի ու Ռուսաստանի միջև լարվածությունը։ Չավուշօղլուն Ադրբեջանի նման դիրքորոշման համար շնորհակալություն է հայտնել:
«Թուրքիան գործել է միջազգային իրավունքին համապատասխան։ Իրավիճակի սրացումը չի շրջանցել Թուրքիային։ Մենք հավատում ենք, որ խնդիրը հնարավոր կլինի լուծել դիվանագիտական ճանապարհով։ Նույնը սպասում ենք Ռուսաստանից։ Վստահ ենք, որ մոտ ապագայում լարվածությունը կնվազի»,- ասել է նա։