Էրդողանը Պուտինից պահանջել է ապացուցել, որ Թուրքիան ԻՊ-ից նավթ է գնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի այն պնդումները, թե Թուրքիան օգնում է «Իսլամական պետություն» խմբավորմանն ապօրինի արդյունահանված նավթի վաճառքի հարցում: Այս մասին հաղորդում է «Սաբահ» գործակալությունը:
Նա նման պնդումների հեղինակներից պահանջել է ապացույցներ ներկայացնել, «հակառակ դեպքում՝ Թուրքիային ոչ ոք իրավունք չունի զրպարտել»:
«Եթե դա չապացուցեն, ապա դա Թուրքիայի Հանրապետության դեմ մեծ անարգանք կլինի»,-ասել է նա՝ հայտարարելով, որ եթե դա ապացուցվի, ապա ինքը պատրաստ է թողնել պաշտոնը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, որ Թուրքիան ԻՊ-ից նավթ է գնում: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիան ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը խոցեց այն բանից հետո, երբ ռուսական ավիացիան սկսեց հարվածներ հասցնել ԻՊ-ի նավթային օբյեկտներին: