Բումերանգի էֆեկտ՝ կամ ռուսական զենքն ընդդեմ Ռուսաստանի
Սիրայի տարածքում թուրքիայի կողմից ռուսական Սու – 24 ռազմական օդանավի խոցման փաստը կտրուկ փոխեց Ռուսաստանի վերաբերմունքն ու ընկալումը Թուրքիայի հանդեպ։ Մինչև այդ «հավատարիմ բարեկամ և գործընկեր» համարվող Թուրքիան Ռուսաստանի համար հիմա դարձել է ահաբեկիչներին օժանդակող պետություն, որը «թիկունքից է հարվածել» Ռուսաստանին։
Տեղի ունեցածի համար սպասված «ներողությունը» Թուրքիայի կողմից չստանալով՝ բազմաթիվ զգացական ու զարմացական հայտարարություններից հետո Ռուսաստանը հայտարարեց, որ բոլոր առումներով դադարեցնում է Թուրքիայի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունը:
Այսօր արդեն Ռուսաստանը հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի դեմ կկիրառի C-400 վերջին սերնդի հակաօդային պաշտպանության համակարգեր… Փոխադարձ սպառնալիքներն ու մեկը մյուսին հաջորդող հակաքայլերն առայժմ շարունակվում են։ Ինչպիսին կլինի հանգուցալուծումն, առայժմ պարզ չէ։
Սակայն, Ռուսաստան-Թուրքիա ներկայիս լարված հարաբերություններում արդյո՞ք Ռուսաստանը հիշում և գնահատում է Թուրքիային եղբայր ու բարեկամ համարվող Ադրբեջանի գործոնը։ Նաև այն, որ վերջին տարիներին միլիարդավոր դոլարների ժամանակակից զենք ու տեխնիկա է վաճառել Ադրբեջանին, իսկ Հայաստանի մտահոգությանն ի պատասխան՝ իր այդ քայլը որակել որպես արդյունավետ բիզնես։
Երեկ, նոյեմբերի 26-ին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այցի ընթացքում Չավուշօղլուն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, վարչապետ Արթուր Ռասիզադեին, խորհրդարանի նախագահ Օքթայ Ասոդովին և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։
Ի՞նչ նպատակ ունի ռուս –թուրքական լարված հարաբերությունների ֆոնին Թուրքիայի ԱԳ նախարարի այցը հատկապես Ադրբեջան։ Արդյո՞ք ստեղծված իրավիճակում հնարավոր չի դառնում այն, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին վաճառած ռուսական զենքը կուղղվի հենց իր՝ Ռուսաստանի դեմ։
Հնարավորության սահմանները բազմաթիվ են, ուստի, չի կարող բացառվել նաև «երբեք»-ի տարբերակը։ Արդյունքում ՝ կգործի բումերանգի էֆեկտը, և «արդյունավետ բիզնես գործարքի» հետևանքները կուղղվեն հենց Ռուսաստանի դեմ։