Պարզվում է Երևանի նախկին ոստիկանապետը Պյատիգորսկում գարեջրի գործարան ուներ․ Интерфакс
Պայթյունի հետևանքով զոհված Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, պարզվել է, Պյատիգորսկում գարեջրի այն գործարանի սեփականատերն էր, որտեղ պայթյուն ու հրդեհ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով աղբյուրին։
«Աշխատանքից ազատվելուց հետո Կարապետյանը մեկնել է Ռուսաստան, որտեղ հիմնադրել է իր բիզնեսը։ Այսօր դժբախտ պատահարի հետևանքով նա զոհվել է։ Երկրորդ զոհվածը նրա քեռին է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Աշոտ Կարապետյանը պաշտոնավարել է 2013-2016 թվականներին։ 2016-ին պաշտոնից հեռացվել է ոստիկանության պարեկապահակային ջոկատի տարածքը «Սասնա ծռերի» կողմից գրավվելուց հետո։
Բացի այդ, նրան կարգապահական պատասխանատվության էին ենթարկել «Սասնա ծռերին» աջակցող ցույցը ցրելու ժամանակ խախտումներ թույլ տալու համար։ Կարապետյանը նաև, որպես վկա էր անցնում 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների քրեական գործի շրջանակներում։