Զինված ուժերում հանցավոր բարքերի գոյությունը սպառնալիք է մեզանից յուրաքանչյուրի զավակի գոյությանը․ փաստաբան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Զինված ուժերում հանցավոր բարքերի գոյությունը սպառնալիք է մեզանից յուրաքանչյուրի զավակի գոյությանը։
Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում կախվելու միջոցով զինվոր է ինքնասպան է եղել։
Բազմիցս անգամ նշել եմ, որ բանակից պետք է արմատախիլ արվեն հանցավոր բարքերը։
Այս ողբերգության պատճառներից մեկն էլ մարդու կյանքին ու արժանապատվութանը, նրա անվտանգությանը մատների արանքով նայելն է։
Եթե բացահայտվեին տարիներ շարունակ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերը, և բոլոր հանցագործները ենթարկվեին խիստ պատասխանատվության, մենք այսօր ականատես չէինք լինի այսպիսի տխուր դեպքերի։
Բանակում չգիտեմ ինչ-ինչ փոփոխություններ կատարելու մասին ամեն օր ժամերով խոսելու փոխարեն ձեռքներդ քշտեք ու զբաղվեք այդ կարևոր կառույցում հանցավոր արժեքները վերացնելու գործին։
Ոչ մի գրոշի արժեք չունի, թե Դուք ինչ որակի սնունդ եք տալիս զինվորին, կամ քանի միլիոն դոլլարի նորագույն զենք եք գնում այս կամ այն երկրից և ինչպես եք վերազինում զինված ուժերը, եթե այնտեղ վտանգված է զինվորի կյանքը և վերացված չեն հանցավոր բարքերը։
Մեկ անգամ ևս պնդում եմ․ Զինված ուժերում հանցավոր բարքերի գոյությունը ոչ միայն սպառնալիք է մեզանից յուրաքանչյուրի զավակի գոյությանը, այլև ուղղակի սպառանլիք է մեր ազգային անվտանգությանն այն պարզ պատճառով, որ այդ հանցավոր արժեքներն ուղղակիորեն խաթարում են բանակի բարոյահոգեբանական վիճակը և նվազեցնում նրա մարտունակությունը»։