Վարչապետի աշխատակազմի ղեկավարը 2018-ի հուլիսի 25-ին մարդկանց ազատել է ոչ ավել, ոչ պակաս՝ հունիսի 29-ի ամսաթվով. իրավաբան
Երեկ հրապարակում էի արել DJ-ից աշխատակազմի ղեկավար դարձած Էդուարդ Աղաջանյանի նոր նկրտումների մասին, որից հետո ինձ զանգահարեցին իմ նախկին գործընկերները եւ պատմեցին երկրի առաջին դիջեյի կառավարության աշխատակազմը «ղեկավարելու» անհաջող պատմություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Պարզվում է, 2018 թ. մայիսի 10-ին նորընծա վարչապետի կողմից «ընկերս է» կարճառոտ հիմնավորմամբ աշխատակազմին ներկայացվելուց հետո հայտնի դիջեյը ձեռնամուխ եղավ իր «պարտականությունների» «կատարմանը»։
Ի թիվս աշխատակազմ ղեկավարելուց շատ հեռու լինելու՝ նրա դրսեւորած բազմաթիվ ապացույց-կիքսերի՝ դիջեյը աշխատակազմի մի ամբողջ խումբ աշխատակիցների (որոնց թվում՝ երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մի խումբ պրոֆեսիոնալների, որոնց հետ ինքս աշխատելու հնարավորություն եմ ունեցել ժամանակին) աշխատանքից ազատել է ակնհայտ ապօրինի եւ առանց որեւէ հիմնավորման։
2018 թվականի հուլիսի 25-ին մարդկանց ազատել է ոչ ավել, ոչ պակաս՝ նույն թվականի հունիսի 29-ի ամսաթվով:
Գործընկերներիցս մեկը նշեց, որ իրեն նա ոչ միայն չի վճարել աշխատած ամսվա համար, ոչ միայն չի բարեհաճել ընդունել եւ գոնե բացատրություն տալ, թե ինչ հիմնավորմամբ է մարդն առանց ծանուցման եւ այլ պարտադիր պայմանների կատարման ազատվել աշխատանքից, այլեւ չի պատասխանել այդ թեմայով իրեն ուղղված նամակներին:
Փաստորեն կառավարությունում ոչ միայն կամայականորեն անձանց կարող են ազատել աշխատանքից, այլեւ անպատասխան թողնել բոլոր այն գրությունները, որոնք օրինական կարգով մուտքագրվում են կառավարության աշխատակազմ, բայց բովանդակությունը դիջեյական քիմքին անհաճո է»: