Թուրքիան դեռևս հանդես չի եկել վնասը փոխհատուցելու առաջարկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մինչ այժմ Թուրքիան ներողություն չի խնդրել խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի առնչությամբ, գրում է gazeta.ru-ն։
«Այն, ինչ տեղի է ունեցել երկու օր առաջ Սիրիայի երկնքում, հակասում է առողջ դատողությանն ու միջազգային իրավունքին։ Ինքնաթիռը խփվել է սիրիական տարածքում: Մենք մինչ այժմ Թուրքիայի բարձրագույն քաղաքական մակարդակից չենք լսել ոչ հասկանալի ներողություն, ոչ առաջարկ՝ վնասը փոխհատուցելու, ոչ խոստում՝ հանցագործներին պատժելու»,-հայտարարել է Պուտինը:
Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ռուսական իշխանությունները վնասի փոխհատուցում են ակնկալում Թուրքիայից՝ ռուսական ռմբակոծիչի հետ կապված միջադեպից հետո:
Թուրքիայի օդուժի կողմից խոցված ռմբակոծիչը թուրքական զինուժի կողմից խփվել ու ընկել էր Սիրիայի Լաթաքիա նահանգում: Դրա պատասխանատվությունը ստանձնել է Թուրքիան, որը Ռուսաստանին մեղադրում է երկրի օդային տարածքը խախտելու համար: Մոսկվան պնդում է, որ ինքնաթիռը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։