Թուրքիայից եկող բեռնատարները, սահմանն անցնելու համար, սպասում են ռուսական կողմի թույլտվությանը
Թուրքիայից եկող բեռնատարները սպասում են ռուսական կողմի թույլտվությանը՝ ռուս-վրացական սահմանը «Վերին Լարս» անցակետով հատելու համար, գրում է Интерфакс-ը՝ Վրաստանի ֆինանսների նախարարությանը հղումով:
Հաղորդագրությունում ասվում է, որ, գերատեսչության տվյալներով, «Վերին Լարս» անցակետում որոշակի խնդիրներ են առաջացել Թուրքիայից բեռնատար մեքենաներին Ռուսաստանի տարածք թույլ տալու ժամանակ:
«Այդ բեռնատար ավտոմեքենաների մի մասը, որոնք հետ են վերադարձել, վարորդների խնդրանքով ուղարկվել են Ադրբեջանի կամ Թուրքիայի ուղղությամբ: Մյուս մեքենաները գտնվում են, այսպես կոչված, չեզոք տարածքում և սպասում են Ռուսաստան մտնելու թույլտվությանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Մինչդեռ նշվում է, որ վրացական կողմում՝ «Կազբեգի» անցակետում, աշխատանքը շարունակվում է սովորական ռեժիմով։