Հրահանգվել է արգելել ծնողների մուտքը դպրոց
Երևանի կրթական համակարգում հայտարարված է արտակարգ իրավիճակ:
Երեկ` նոյեմբերի 25-ին, Երևանում ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ուժերի ջանքերով հանցավոր խմբի հայտնաբերման և վնասազերծման լուրից հետո, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունից անմիջապես դպրոցներին և մանկապարտեզներին հրահանգվել է զգոն լինել և արգելել մեծահասակների մուտքը կրթօջախ:
Այսօր առավոտյան ոչ մի ծնողի դպրոցներում թույլ չեն տվել երեխային ուղեկցել մինչև դասասենյակ: Դպրոցներից մեկի հենց մուտքի մոտ, դեպի ներս ծնողների հոսքն արգելելու նպատակով, կանգնել էր, ոչ միայն պահակակետի աշխատողը, այլև տնօրինության ներկայացուցիչներ: Նրանք բացառապես արգելում էին ծնողներին մուտք գործել դպրոց:
Newspress.am-ի հետ զրույցում, հանրակրթական դպրոցներից մեկի փոխտնօրենը նկատեց. «մենք ճանաչում ենք այս ծնողներին, բայց վարչությունից հրահանգ ունենք` ներս չթողնել ոչ ոքի: Մենք դա անում ենք մեր երեխաների անվտանգությունից ելնելով: Բացառություն չենք անում ոչ մեկի համար»,- ասաց փոխտնօրենը` հավելելով, որ դպրոցի տնօրենը նույնպես խիստ հրահանգ է տվել հետևել դպրոցի ելումուտին: