Այն, որ խաղողի մթերումն անցավ առանց սթրեսի և ցայտնոտի, ըստ Փաշինյանի, իրենց շնորհիվ է (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ եթե խաղող մթերողները աղմուկ-աղաղակ չեն բարձրացնում, ապա դա հենց իրենց՝ կառավարության անթերի աշխատանքի արդյունքն է։ Համենայնդեպս Փաշինյանն այդ մասին հայտարարեց կառավարության նիստի ժամանակ, երբ նրան զեկուցեցին, թե ինչ վիճակում են գտնվում խաղողի մթերման աշխատանքները։
Իհարկե, Փաշինյանը չանդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի ընկերության կողմից իրականացվող մեծածավալ մթերումներին։ Նա միայն արձանագրեց, որ եթե դժգոհություններ չկան գյուղացիների կողմից, ուրեմն կառավարությունը լավ է աշխատում։
Նա հիշեցրեց, որ ամեն անգամ կառավարությունը խաղողի մթերման ժամանակ սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ է ստացել։ Թե ավելի շատ ում ջանքերով է խաղողն անաղմուկ մթերվում՝ չի քննարկվում, սակայն Փաշինյանը այս առիթով շնորհավորեց հենց իրենց՝ կառավարության անդամներին, նման հաջողության համար։
«Այն, ինչ սովորաբար տեղի էր ունենում, հիմա տեղի չի ունենում: Սա լուրջ հաջողություն է, ամենևին պատահականություն չէ և կապված է այն գործողություների հետ, որոնք մենք ձեռնարկել ենք: Հույս ունեմ՝ գտել ենք ձևը, թե ինչ անենք, որ արհեստական լարվածություն, գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենան»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում