Թուրքիայի հանցավոր գործողությունները հանգեցրել են երեք վտանգավոր հետևանքերի.Դ.Միդվեդև
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Անկարան պաշտպանում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններին։
Նրա խոսքով՝ տեղեկություններ կան, որոնք վկայում են այդ կազմակերպությունից նավթամթերքի մատակարարման գործում մի շարք թուրք պաշտոնատար անձանց շահագրգռվածության մասին, գրում է РИА Новости-ն։
«Ռուսական ինքնաթիռը կործանած թուրքական իշխանությունների անխոհեմ հանցավոր գործողությունները հանգեցրել են երեք հետևանքի։ Առաջին հերթին՝ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների վտանգավոր սրում, որը չի կարող արդարացվել ոչ մի շահերով, այդ թվում նաև պետական սահմանների պաշտպանությամբ»,- հայտարարել է Մեդվեդևը:
Երկրորդ հերթին՝ Թուրքիան ցույց է տվել, որ պաշտպանում է ԻՊ-ին, հավելել է վարչապետը։
«Եվ երրորդ՝ վտանգվել են բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այդ թվում և տնտեսական ու հումանիտար ոլորտներում»,- ասել է ՌԴ վարչապետը:
Նա ընդգծել է, որ տեղի ունեցածի հետևանքը կարող է դառնալ մի շարք համատեղ նախագծերից հրաժարումը և ռուսական շուկայում թուրքական ընկերությունների դիրքերի կորուստը։
Հիշեցնենք, որ երեկ ռուսական ռազմական ինքնաթիռը կործանվել էր Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։