Քանդում են տունս, էթնիկ ընտանիքս․ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը դիմում է Փաշինյանին
«Գաթա Բենդ» խմբի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը եկել է կառավարության մոտ Նիկոլ Փաշինյանին հարցնելու, թե ինչու է քանդում իր տունն ու ընտանիքը։
«Իմ տունը քանդում են ապօրինի ձևով»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում։
Թումանյան փողոցի 5/4 հասցեում գտնվող տան հարևանությամբ 12 հարկանի շենքի շինաշխատանքների հետևանքով Անդրանիկ սարկավագ Մանուկյանի տունը հայտնվել է արտակարգ իրավիճակում։
Նա նկատում է, որ տան բոլոր պատերին ճաքեր են հայտնվել։ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը բողոքել ու դիմել է տարբեր ատյանների։ Մի պահ անգամ շինարարությունը դադարել է, բայց 3 օր առաջ դարձյալ սկսել են շինարարությունն ու խնդիրը նորից գլուխ է բարձրացրել։ Նա նկատում է, որ շինարարությունը փակել է իր տուն մտնող արևի լույսը։
«Երկրում օրենքները գործում են միայն իշխանավորների համար։ Եկել եմ ասեմ՝ ինչի են քանդում իմ տունը, իմ էթնիկ ընտանիքը»,- ասում է Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։
Նա տեղեկացրեց, որ 12 հարկանի շենքի շինթույլտվությունը 2021-ին այն ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն է տվել։
«Եթե օրենք կա, ես էլ օրենքով շարժվող մարդ եմ, թող պատժեն մեղավորներին ու արդար վճիռ լինի»,- նշում է Անդրանիկ Մանուկյանը։