Կողաշրջվել է կարի ֆաբրիկայի աշխատակիցներին Սպիտակից Վանաձոր տեղափոխող ավտոբուսը. կան վիրավորներ
Մարտի 17-ին, ժամը 08։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։
Կողաշրջվել է «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին Սպիտակից տեղափոխող «ՊԱԶ» ավտոբուսը՝ բախվելով «OPEL» մակնիշի ավտոմեքենային:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «ՊԱԶ» ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից մեկը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոբուսի տակից. տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Նախնական տեղեկություններով՝ ավելի քան 15 մարդ է տեղափոխվել Վանաձորի եւ Սպիտակի բժշկական կենտրոններ։