Գերմանիան փակում է իր հյուպատոսությունը Ստամբուլում` անվտանգության նկատառումներով
Հոլանդիայից և Անգլիայից հետո անվտանգության նկատառումներով փակվել է նաև Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milligazete-ն։
Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության Instagram-յան էջում արված գրառման մեջ ասվում էր, որ գլխավոր հյուպատոսությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, փետրվարի 1-ից փակ է մնալու։ Հայտարարության մեջ հաղորդվում է, որ չեղարկվել են նաև նախատեսված վիզայի և անձնագրային նշանակումները:
Բեյօղլուում Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսությունը նույնպես ժամանակավորապես փակ է եղել այցելուների համար՝ հնարավոր բողոքի ցույցերի և արևմտյան թիրախներին սպառնացող վտանգի պատճառով։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը թարմացրել է իր ճանապարհորդական նախազգուշացումը: Հայտարարության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները 2022 թվականին ավելի քան 3 միլիոն 330 հազար այցելություն են կատարել Թուրքիա, և այցերի մեծ մասն անցել է հարթ։ Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ է այցելուների համար։