Արցախը ուրացողը դավաճան է. Գեղամ Մանուկյանի միկրոֆոնը անջատեցին և հեռացրին ամբիոնից (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը արձագանքելով խմբակցությանն ուղղված մեղադրանքներին ու որակումներին, թե իրենց արածը սրիկայություն է, ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Չգիտեմ, թե ինչն է սրիկայություն, բայց Արցախը ուրանալը դավաճանություն է, իսկ ուրացողը` դավաճան»:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պահանջեց մասնավորեցնել, թե ում նկատի ունի Մանուկյանը` դավաճան ասելով։
Մանուկյանը նշեց, որ նկատի ուներ քիչ առաջ ելույթ ունեցող ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, ինչից հետո Ռուբինյանն անվտանգության աշխատակիցներին հրահանգեց հեռացնել պատգամավորին ամբիոնից։ Վերջիններս, տարված իրենց առաջադրանքով, Մանուկյանին փորձեցին դուրս բերել նիստերի դահլիճից։ Ռուբինյանը կրկնեց հրահանգը. «Դահլիճից չէ, դահլիճից պետք չի հեռացնել»:
Նա Մանուկյանին հորդորեց զբաղեցնել իր տեղը, սակայն անվտանգության աշխատողները Մանուկյանին արդեն հեռացրել էին դահլիճից:
Ռուբինյանը, տեսնելով, որ կրքերը չեն հանդարտվում, նիստը ընդմիջեց 20 րոպեով։