Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները - Ինչո՞ւ է ձգձգվում Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակությունը

Իշխող վերնախավի նկատմամբ ատելությունը դարձել է ծայրահեղ. Աշոտ Գրիգորյանն ամփոփում է 2017 թվականը


ashot grigoryan

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի խոսքն ուղղված համայն հայությանը.

«Թանկագին հայրենակիցներ:

Հրաժեշտ ենք տալիս մեր նոր, անկախություն ձեռք բերած երկրի պատմության ամենադաժան տարիներից մեկին՝ 2017-ին: Այս տարին չհանդիսացավ մեծ ձեռքբերումների տարի և բոլորովին չարդարացրեց մեր ազգի սպասումները: Հատկապես մեզ համար չարիք դարձած ապրիլ ամիսը նոր դժբախտություն բերեց. ՀՀ նախագահի կողմից ևս մեկ անգամ դաժանորեն կեղծվեցին հերթական ընտրությունները, և ողջ համաշխարհային հայությունն ընկավ վերջնական ապատիայի մեջ: Արդյունքում մեծ թափ հավաքած արտագաղթը շարունակեց դատարկել Հայաստանը, և հուսահատությունը դարձավ համատարած:

Ընտրակեղծիքի հարցում նախագահի աթոռը բռնազավթած Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ վարպետորեն իրականացված խարդախությունների շնորհիվ առժամանակ խաբվեցին նույնիսկ օտարերկրյա դիտորդներն ու փորձագետները, որոնց առաջին արձագանքներն անհասկանալի էին: ԱԺ-ում հայտնվեցին կուսակցություններ, որոնք ակնհայտորեն չէին կարող ընտրական շեմը հաղթահարել:

Բանտերում հայտնվեցին քաղաքական մեծ ակտիվություն ցուցաբերած հայրենասերներ, որոնք նաև մեծ լումա ունեն մեր երկրի կայացման հարցում: «Սասնա ծռեր»-ի դատական ֆարսը նոր երանգներ ձեռք բերեց, իսկ երկրի անկախության դեֆիցիտը հասավ առավելագույնին: Նոր վարչապետի կողմից կազմված կառավարությունը հասցրեց ակնթարթորեն վարկաբեկվել և դարձավ համընդհանուր ծաղրի առարկա ու առավելագույնս հուսահատության հասցրեց ժողովրդին: Երկրի արդյունաբերությունը վերաթողարկելու հրամայականն անտեսվեց, իսկ արդյունաբերական հսկայի՝ «Նաիրիտի» գործարկումը դարձավ ծաղրի առարկա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ու սկսվեց նրա ոչնչացման գործնթացը:

Արցախյան խնդիրը ստացավ նոր երանգ. Սերժ Սարգսյանը սկսեց ազատագրված տարածքները թշնամուն հանձնելու տարբերակի գովերգումը, դառնալով համընդհանուր ծաղրի և ատելության առարկա: Սա հայ֊թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության տապալումից առավել նոր խայտառակ գործընթացի սկիզբը դարձավ: Միջազգային քաղաքականության հարցում տոտալ տապալումների շարքը շարունակվեց. Հայաստանը կորցրեց իր երբեմնի համբավը և դարձավ տարածաշրջանի ամենաանհմայիչ ու նվազագույն վարկանիշ ունեցող երկիրը. ներդրումները վերացան, տնտեսական ցուցանիշները հասան նվազագույնին և միջազգային ասպարեզում դադարեցվեց հնչել մեր երկրի անունը՝ որպես ակտիվ քաղաքականություն որդեգրած պետության:

Բացասական երևույթների շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Մի խումբ ապաշնորհ անձանց կողմից ժողովրդի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը հասել է ցինիզմի, իսկ երկրի հարստության բաշխման անհավասարությունը հուսահատության է հասցրել բոլորին: Արդյունքում իշխող վերնախավի նկատմամբ ատելությունը դարձել է ծայրահեղ:

Ստեղծվել է նոր «Սասնա ծռերի» առաջացման բացառիկ պահանջարկ. կամ ուժի միջոցով պիտի կատարվի իշխանափոխություն և կամ արտագաղթը կդատարկի երկիրը: Այս բացառիկ հեղափոխական իրավիճակում ողջ համայն հայությունը ելքեր է փնտրում: Լուծումն, անկասկած, գտնվելու է և այն գտնվելու է մոտակա ամիսներն, ասել է թե՝ նոր տարում: Սա նշանակում է, որ հաջորդ տարին դառնալու է մեր ազգի համար վերածննդի բաղձալի տարի: Սա նշանակում է, որ հուսահատությունը փոխարինվելու է զարթոնքով, պասիվությունն՝ ակտիվությամբ, ծայրահեղ աղքատության հասած բնակչության համար դրական սպասելիքներ են գծագրվելու, տնտեսության հետագա քայքայումը կասեցվելու է և արդյունաբերական կենտրոնները վերաբացվելու են, երկրի միջազգային հեղինակությունը կտրուկ բարձրանալու է, և համաշխարհային հայությունը ձգտելու է մասնակից լինել երկրի վերականգնման համընդհանուր աշխատանքներին: Տիրելու է համընդհանուր ոգևորություն և սկսվելու է ազգային զարթոնք: Այո, սիրելի հայրենակիցներ, այ սա ենք մենք սպասում Նոր տարուց և սա խիստ իրատեսական է: Ինչու՞, ինչո՞ւ ենք համոզված հայտարարում սա: Որովհետև այսպես շարունակելն այլևս անհնարին է: Որովհետև բոլոր հայրենասեր ուժերը համախմբվում են և հիմնավոր լուծումներ են պատրաստում: Որովհետև հատկապես արտերկրի հայությունն ամբողջովին լծվել է մեր հրաշք երկիրը փրկելու գործին, և զարգանում են անկասելի գործընթացներ: Որովհետև, վերջապես սկսվել է ակտիվ ուժերի համագործակցությունն ամենուր ու միավորումը չարիքի դեմ միասնական պայքարելու և դեմն առնելու հարցում:

Այո, մոտեցող տարին լինելու է հիմնահատակ փոփոխությունների տարի և նոր Հայաստանի հիմքն է դնելու: Հիշենք, որ Խորհրդային Հայաստանի փլուզման հոբելյանական երեսունամյակն է եկող փետրվարին, և կատարված սխալների գիտակցումը հնարավորություն է ընձեռնում մաքրագրել անցած երեք տասնամյակների սխալներն ու նոր էջ բացել հայոց պատմության մեջ:

Ահա այս հավատքով ենք մենք մտնում նոր դար՝ հայոց պետականության վերականգման ու հայ ժողովրդի վերածնման դար: Նոր տարին պետք է հանդիսանա հայ ազգի հոգևոր վերածննդի տարի և սրանք լոկ խոսքեր չեն. մենք անելու ենք ամեն անհրաժեշտն այն իրականացնելու համար:

Շնորհավոր Նոր տարին և հաջողություն մեր փառահեղ ազգին՝ երկրի վերականգման ու ազգի վերածնման գործում: Փառք մեր մեծ ու աննկուն ժողովրդին»:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ,
Դոկտոր ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
27.12.2017. ԲՐԱՏԻՍԼԱՎԱ