Վահան Արծրունու ջանքով դպրոցներում մտցվեց առողջապահության և ֆիզկուլտուրայի դասավանդում


Vahan Artsruni

Վահան Արծրունի Մարտունի

Նշանավոր բժիշկ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Մարգար Արծրունին ծնվել է 1857-ի հունիսի 10-ին, Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) քաղաքում։ Սովորել է Թիֆլիսի 1-ին գիմնազիայում, քաղաքական ընդհատակյա աշխատանքներին մասնակցելու պատճառով հեռացվել է գիմնազիայից։

1880 թ․ մեկնել է Ֆրանսիա, 1885-ին ավարտել Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը՝ մասնագիտանալով քթի, կոկորդի և ականջի հիվանդությունների բնագավառում, ընտրվել համանուն մասնագիտական ընկերության թղթակից-անդամ։ 1889-ին վերադարձել է Թիֆլիս և աշխատել սկզբում որպես սանիտարական, ապա դպրոցական բժիշկ․ նրա ջանքերով հայկական դպրոցներում մտցվել է հիգիենայի դասավանդում։

Վ․Արծրունին մեծ տեղ է հատկացրել դպրոցականների ֆիզիկական դաստիարակությանը՝ այն համարելով ամենակարևորը, միաժամանակ գիտականորեն հիմնավորել է տարբեր մարմնամարզական գործիքների դերը, աճող օրգանիզմի զարգացման համար լավագույն միջոցը համարելով խաղերը, այդ թվում՝ նաև զինվորական և կրթական վարժությունները։

Վ․Արծրունու ջանքերով առաջին անգամ հայկական դպրոցներում սահմանվել է դպրոցական բժշկի պաշտոն և սովորողների առողջական վիճակի մշտական բժշկական հսկողություն։

Թիֆլիսում հրատարակել է ավելի քան 30 բժշկական գիտահանրամատչելի գրքույկներ՝ նվիրված երեխաների և մեծերի վարակիչ հիվանդություններին (խոլերա, ժանտախտ, բնական ծաղիկ, վեներական և այլ հիվանդություններ)։

1902-1905 թթ․ հրատարակել է «Առողջապահիկ թերթ» հանդեսը։

1920-ին տեղափոխվել է Երևան՝ աշխատելով որպես քիթ-կոկորդ-ականջաբան։

Վ․Արծրունին Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի (1922) և բժշկական ինստիտուտի (19300 հիմնադիրներից մեկն է։

1922-ին հիմնադրել է մարդու նորմալ անատոմիայի ամբիոնը, որը ղեկավարել է մինչև կյանքի վերջը։ Վ․Արծրունին գրել է նորմալ անատոմիայի հայերեն առաջին դասագիրքը (1923)։

Նրա գիտական ամենամեծ վաստակը «Ռուսերեն-լատիներեն-հայերեն բժշկագիտական տերմինների բառարանն» է (1924)։

Բժշկական գիտությունների դոկտոր էր (1936), պրոֆեսոր (1926), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1930)։ Երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար պարգևատրվել է
Կարմիր դրոշի շքանշանով (1943)։ Մահացել է 90 տարեկան հասակում 1947-ին հուլիսի 29-ին, Երևանում։

Պրոֆեսոր Արմեն Սիմոնյան

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ