Մանրամասներ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությունից. կինն ու որդին ձերբակալված են


armaviri marzpeti [orhrdakan

ՀՀ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունն իրականացնողների հետ կապված: Շրջանառվող նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանություն կատարելու մեջ կասկածվում են Սիմոնյանի կինն ու որդին:

«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կիլոմետրից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, Արմավիրի մարզպետի խորհրդական, 1965 թվականին ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը:

Հուլիսի 27-ին ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների, Արմավիրի և Բաղրամյանի բաժինների, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր և Արմավիրի մարզային քննչական վարչության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 22-ին, Մանուկ Սիմոնյանի տանը 1970 թվականին ծնված Ռ. Մ.-ն կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և սպանել, այնուհետև սավանով փաթաթել, կապել և 1994 թվականին ծնված Ն. Ս.-ի հետ հուլիսի լույս 23-ի գիշերը, ժամը 4.00-ի սահմաններում, հանգուցյալին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել են նշված վայր և թողնելով այնտեղ՝ հեռացել են:

Նշանակվել են փորձաքննություններ: Ռ. Մ.-ն և Ն. Ս.-ն ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է»: