Կյանքից հեռացել է Ալեքսան Մեխակյանը


alexan mekhakyan

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի կինոդրամատուրգ, արձակագիր Ալեքսան Մեխակյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ Գրողների միության վարչությունից։ Ա. Մեխակյանը ծնվել է 1940 թվականի օգոստոսի 24-ին, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում։ հայ դրամատուրգ, վիպասան։ Հայաստանի գրողների միության անդամ էր 1975 թվականից:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, ապա՝ Մոսկվայի սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։ Հեղինակել է մի շարք դրամաներ, սցենարներ՝ գեղարվեստական և դոկումենտալ ֆիլմերի համար։ Կատարել է նաև մի շարք գրքերի թարգմանություններ:

Որպես ռեժիսոր հանդես է եկել «Սուրբ կնունք», «Ամենայն Հայոց կաթողիկոս», «Ալեքսանդր Բակունց» ֆիլմերում։

Հեղինակ է «Երազախաբ ավետարան», «Փոքրիկ սրնգահարի ոդիսականը», «Ապաստան» վեպերի։ Թարգմանել է Ֆեոդոր Դոստոևսկու և Լաքսնես Հալդորի ստեղծագործություններից։

Ա. Մեխակյանի «Իմ պատանի նախնիներ» վեպը 1988 թվականին արժանացել է ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակի, իսկ 1977 թվականին «Երկնագույն թիթեռներ» վիպակների ժողովածուն Մոսկվայում արժանացել է «Տարվա լավագույն արձակ» մրցանակի։