Պատերազմներից հետո տղաներ միշտ էլ շատ են ծնվում


erexa

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2011 թ. հետազոտությունը պարզել էր, որ Հայաստանում առկա է հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման երևույթը, այսինքն՝ 1990-ականներից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2011 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Գյուղական համայնքներում ցուցանիշն անհամեմատ ավելի բարձր էր՝ 124 տղա՝ 100 աղջիկա դիմաց: Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:

Նշենք, որ սեռով պայմանավորված աբորտների, հատկապես աղջիկների կայնքի ընդհատման հարցը Հայաստանում միշտ էլ եղել է, հատկապես երբ մի քանի աղջիկ է ծնվել, նախընտրել են վերջում տղա ունենալ:

Ճիշտ չէր լինի պնդելը, թե Հայաստանում նման երևույթ չկա, սակայն մասնագիտական փորձառությունը հուշում է, որ իրավիճակն այնքան էլ սարսափելի չէ, ինչքան ներկայացվում է:

Նախ թեման` սելեկտիվ աբորտներ, առատորեն ֆինանսավորվում է միջազգային կառույցների կողմից՝ որպես գենդերային բաղադրիչի հիմնօղակ, և այդ հատվածը հայկական ՀԿ-ները և պատկան միջազգային կառույցներն ինչ-որ տեղ չարաշահում են` երկիրը ներկայացնելով սեռով պայմանավորված աղջկասպանության առաջատար երկիր:

Հիշենք, որ Հայաստանը պատերազմող երկիր է, և ցավալի է, որ երիտասարդ տղաների կորուստ միշտ էլ ունենում ենք բանակում, ցավալի է նաև, որ երիտասարդ տղաների կորուստ ունենում ենք նաև ավտոճանապարհներին՝ մեծ թվով:

Ասում են՝ պատերազմներից հետո, սովորաբար, մեծ թվով տղաներ են ծնվում` տղա-աղջիկ հարաբերակցությունը պահպանելու համար: Իսկ այժմ տղա-աղջիկ հարաբերակցությունը հօգուտ տղաների հուշում է, որ ազգն իր գենը փորձում է հավասարակշռված պահել. ընդամենն այդքանը, ոչ ավելին և ոչ այն, ինչ ներկայացվում է միջազգային հարթակներում` գցելով ինտելեկտուալ Հայաստանի հեղինակությունը` հանուն փողի:

Կա նաև մեկ այլ բաղադրիչ. ընտանիքները՝ հատկապես բարձրագույն կրթություն ունեցող, չեն ցանկանում շատ երեխաներ ունենալ, սահմանափակվում են մեկ-երկու երեխայով: Պարզապես չեն ուզում, աշխատում են և գտնում, որ ճիշտ է երկու երեխայի պատշաճ մեծացնել, քանի ունենալ շատ և չկարողանալ երեխաներին ապահովել: Ի դեպ, պետությունը երեխաների հարցում մեծ օգնություն ընտանիքներին չի տրամադրում, իսկ այն, որ երրորդ երեխային 1,5 մլն դրամ են տալիս, մեծ օգնություն չէ, այդ գումարի մի մասը թողնում են բանկում` ճակատագրի քմահաճույքին, այդ քաղաքականությունն առանձնապես չի նպաստում ծնելիությանը:

Պետությունը շատ քիչ ջանքեր է գործադրում՝ ծնելիության բարձրացման ուղղությամբ, ճարպիկ ՀԿ-ները փող են աշխատում տղա-աղջիկ հարաբերակցության խախտման շուրջ` առանց ներկայացնելու բուն պատճառը, արդյունքում եվրոպացիները Հայաստանին նայում են, որպես աղջիիկների մարդասպան երկրի, որի մտավոր զարգացման աստիճանը Մոզամբիկից վեր չէ:

Կյանքը ցույց է տալիս, որ ընտանիքները, թեև ցանկանում են տղաներ ունենալ, սակայն միշտ ձգտում են նաև աղջիկներ ունենալ` հավասարակշռության համար և, սովորաբար, աղջիկներն ավելի սիրված են լինում ընտանիքներում, քան տղաները. աղջիկներն ապահովում են տան ընտանեկան մթնոլորտն ու քնքշանքը, տղաները փորձում են վերցնել տան իշխանությունը:

NEWSPRESS.am