ՀՀ–ն պետք է Վրաստանին «զերծ պահի» միակողմանի թուրք–ադրբեջանական կողմնորոշումից


hayastan-hanrapetutyan-naxagah-serzh-sargsyann-handipel-vrastan-varchapet-kvirikashvilihet

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միխայիլ Ջանելիձեն, Մևլութ Չավուշօղլուն և Էլմար Մամադյարովը հուլիսի 18-19 –ին հերթական անգամ հանդիպում կունենան Բաքվում: Այս մասին հայտնում են վրացական և ադրբեջանական լրատվական կայքերը:

«Երեք նախարարների հանդիպման օրակարգը ձեռևս կազմվում է»,- նշում են լրատվականները:
Վրաստանի համար թուրք–ադրբեջանական տանդեմի հետ ռազմավարական կապերն ունեն կենսական նշանակություն` հաշվի առնելով ՌԴ–ի հետ լարված հարաբերությունները, Թբիլիսին տնտեսական, քաղաքական, ռազմա–քաղաքական առումներով «հենվում» է տարածաշրջանային տերություն Թուրքիայի վրա, որը նաև ՆԱՏՕ–ի անդամ`Վրաստանը ՆԱՏՕ–ին ու ԵՄ–ին ինտեգրվելու համարում է իր արտաքին քաղաքականության անկյունաքարերը։

Թուրքիան ունի բազմամիլիոնանոց շուկա`Վրաստանի համար այդ շուկայում սեփական արտադրանքով ներկայանալն ունի կարևոր նշանակություն`թուրքական ներդրումները վրացական տնտեսության տարբեր հատվածներում`հատկապես Աջարիայում`հյուրանոցային, ռեստորանային բիզնես և այլն, բավականի լուրջ են։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա Բաքուն հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել Վրաստանում`կառուցել էներգետիկ–տրանսպորտային միջանցք, որն անցնում է Վրաստանի տարածքով`երկաթգիծ, դեպի Բաթումի արագընթաց մայրուղի, նավթա, գազամուղեր դեպի Թուրքիա, «էներգետիկ կամուրջ»` էլէներգիա է արտահանում Վրաստանով դեպի Թուրքիա և այլն։

Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, Վրաստանը փորձելով նվազեցնել իր կախվածությունը Մոսկվայից` գազային, էներգետիկ, սկսել է մեծացնել իր միակողմանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից։ Վրաստանի համար Թուրքիան միջանցք է դեպի ԵՄ` տարանցիկ երկիր և այլն, իսկ Ադրբեջանը` Վրաստանի համար «պատուհան» է դեպի Կենտրոնական Ասիա ու Ադրբեջան–Իրան երկաթգծի կյանքի կոչումից հետո նաև Իրան ու Պարսից ծոց։

Թուրք–ադրբեջանական տանդեմի ազդեցությունը Վրաստանում գնալով միայն ավելանալու է`այս տարի գործարկվելու է Կարս–Թբիլիսի–Բաքու երկաթգիծը, Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում, Վրաստանն ու Ադրրբեջանը` ՎՈւԱՄ անդամ են`Ադրբեջանը Վրաստանի սևծովյան նավահանգիստներով «դուրս է գալիս» դեպի Ուկրաինա, Բուլղարիա և այլն`քննարկվում է նաև ադրբեջանական գազը Վրաստանում հեղուկացնելու և այդ ճանապարհով Արևելյան Եվրոպայի երկրներ արտահանելու ծրագրերը:

Տնտեսական շահերի համընկնումն աշխարհաքաղաքական շահերի հետ` Վրաստանը խնդիրներ ունի Աբխազիայում ու Հվ.Օսիայում` դրանք մոտակա ապագայում չեն հանգուցալուծվելու` սրանից բխող ռուս–վրացական հարաբերությունները մնալու են լարված, իսկ Թբիլիսիի ՆԱՏՕ–ական ձգտումները Մոսկվայում ծանր են տանում, օբյեկտիվ պատճառներով դրդելու են Վրաստանի ցանկացած իշխանություններին` անկախ կառավարման համակարգի փոփոխություններից, պահպանել ռազմավարական կապերը Բաքվի ու Անկարայի հետ` ՀՀ–ը պետք է հաշվի առնի այն իրականությունը, որն արդեն առկա է և լինելու է մոտակա ապագայում տարածաշրջանում ու փորձի Վրաստանի միակողմանի թուրք–ադրբեջանական կողմնորոշումը «թեքել», բալանսավորել հօգուտ Երևանի, իսկ դրա միակ միջոցը խոշոր համատեղ տնտեսական ծրագրերն են` դրանց արագ կյանքի կոչումն ու տեղի` վիրահայության, որպես գործոնի պահպանումը Վրաստանում` ի հակակշռիռ տեղի ադրբեջանական համայնքի, որն ահռելի օգնություն` ֆինանսական, քաղաքական, կազմակերպչական, ստանում է Բաքվից։

Արտյոմ Բալասանով