«Քաղաքացին պետության մասին առաջին հերթին կարծիք է կազմում համայնքային իշխանության հետ շփման արդյունքում». Վարչապետը՝ Լոռիում


davit loqyan karen karapetyan arthur nalbandyan

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Լոռու մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու առաջիկա անելիքները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը զեկուցել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերի, մակրոտնտեսական ցուցանիշների, ներդրումային ծրագրերի, համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի մասին:

Անդրադառնալով մարզերի զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման հարցին՝ վարչապետն ասել է. «Մարզային իշխանությունը պետք է հասկանա մարզի առավելությունները՝ որո՞նք են տնտեսական վիճակի օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ պատճառները, ինչի՞ հիման վրա պետք է տնտեսական աճ ապահովենք, ինչո՞վ կարող ենք իրենց օգնել: Յուրաքանչյուր մարզի ռազմավարությունը քննարկել ենք, բայց անհրաժեշտ է այս հարցադրումներին ևս մեկ անգամ անդրադառնալ»:

Քննարկման ավարտին վարչապետ Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում նման հանդիպումները կանոնավոր են լինելու, և միաժամանակ հորդորել մարզային իշխանության ներկայացուցիչներին չսպասել նման այցերի՝ հարցերը բարձրացնելու համար: «Եթե Լոռու մարզպետարանի աշխատակազմը, համայնքապետերը ցանկանում են, որ իրենց խնդիրները լուծվեն, պետք է շատ ինտենսիվ դրանք բարձրացնեն նախարարությունների առջև: Իսկ եթե նախարարներն ուզում են իրենց ծրագրերն իրագործվեն, պետք է մարզպետարանները դարձնեն իրենց դաշնակիցն ու փիլիսոփայության քարոզողը: Ռեգուլյար, ամենօրյա ռեժիմով պետք է աշխատեք: Դուք պետք է լինեք ձեր մարզի զարգացման շարժիչ ուժը: Մենք դա ավելի լավ չենք պատկերացնելու ու այս խնդիրները մեկ առ մեկ լուծելով պետք է առաջ շարժվենք»,-նշել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ տարեվերջին, պարզ ձևակերպված հայտանիշներով, գնահատվելու է մարզպետերի աշխատանքը: