Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

Հայկական կենսաքիմիական դպրոցի հիմնադրի ծննդյան 110-ամյակի առիթիվ


Buniatyan

Հայկական կենսաքիմիական դպրոցի հիմնադիր, ականավոր գիտնական ու մանկավարժ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Խաչատուրի Բունիաթյանի ծննդյան 110-ամյակի առիթիվ:

buniatyan 1

Հրաչյա Բունիաթյանը ծնվել է 1907 թ. մայիսի 1-ին Նոր-Բայազետում (այժմ` ք. Գավառ): Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի քաղաքում: Այնուհետև տեղափոխվել է Երևան, ավարտել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը և սկսել է աշխատել որպես կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ: Այնուհետև ղեկավարել է Երևանի Անասնաբուծական-անասնաբուժական և ավելի քան երկու տասնամյակ` բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնը: 1939-ից մինչև 1941 թ. Հ. Բունիաթյանը Երևանի բժշկական ինստիտուտի տնօրենի գիտության գծով տեղակալն էր: 1942-46-ին աշխատել է որպես Երևանի պետական համալսարանի ռեկտոր, օգտագործելով իր ողջ ունակությունները, գիտնականի ու մանկավարժի կազմակերպական տաղանդը այդ ուսումնական հաստատության ամրապնդման և հետագա զարգացման համար: Հայաստանի Գիտությունների ակադեմիայի կազմավորման հենց սկզբից նա ընտրվում է ակադեմիայի իսկական անդամ և կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:

Այնուհետև ընտրվում է ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարի և ապա փոխպրեզիդենտի պաշտոններում: 1943 թվականից ակադեմիկոս Հ. Բունիաթյանը միաժամանակ ղեկավարում էր ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի սեկտորը, իսկ 1961-ից մինչև իր կյանքի վերջը նա հանդիսանում էր իր կողմից հիմնադրված ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի (որը կրում է նրա անունը) տնօրենը: Կարճատև ժամանակամիջոցում ինստիտուտն աճելով վերածվեց նյարդաքիմիական խոշոր կենտրոնի և լայն ճանաչում ստացավ ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև ամբողջ աշխարհում:

Մեր հանրապետությունում նա առաջինը, պրոֆեսոր Հ. Հովհաննիսյանի հետ միասին, ձեռնամուխ եղավ վիտամինների կենսաքիմիայի հետազոտությանը: Այդ աշխատանքներով բացահայտվեց ասկորբինաթթվի հակաօքսիդանտային հատկությունը: Պարզվեց, որ ֆոսֆոր պարունակող մի շարք ճարպանման նյութեր կարող են նպաստել հյուսվածքներում օքսիդացման պրոցեսին և, ընդհակառակը, կանխել այն: Հ. Բունիաթյանը մշակում է օրգանիզմում ասկորբինաթթվի փոխանակության նյարդա-հումորալ կարգավորման պրոբլեմը: Այդ պրոցեսի նյարդա-հումորալ և, հատկապես, ռեֆլեկտոր կարգավորման մեխանիզմի պարզաբանումը մեծ չափով նպաստեց օրգանիզմում ընդհանուր նյութափոխանակության և ուղեղի ֆունկցիոնալ կենսաբանության զարգացմանը:

Հ. Բունիաթյանը և նրա աշակերտները ուշագրավ հետազոտություններ են կատարել էներգետիկ և ազոտային փոխանակության կարևորագույն ռեակցիաներում գլխուղեղի ֆիզիոլոգիապես ակտիվ միացություններից մեկի` գամմա-ամինոկարագաթթվի և դրա ածանցյալների կենսաքիմիական դերի, ինչպես նաև նյութերի փոխանակության նյարդա-հումորալ կարգավորման պարզաբանման ուղղությամբ: Առաջին անգամ ցույց տրվեց, որ այդ միացության ազդեցությամբ բարձրանում է բջջային թաղանթների թափանցելիությունը ոչ միայն առանձին իոնների, այլև գլյուկոզայի, ամինաթթուների և մի շարք այլ նյութերի նկատմամբ: Ապացուցվեց, որ այդ միացությունը գլխուղեղից բացի գոյանում է նաև այլ օրգաններում, որը հետագայում իր հաստատումն ստացավ արտասահմանյան հեղինակների աշխատանքներում: Կատարված հետազոտությունների հիման վրա Հ. Բունիաթյանը եկավ այն եզրակացության, որ գամմա-ամինոկարագաթթուն լինելով թաղանթային ակտիվ միացություն, կարևոր ֆունկցիա է կատարում գլխուղեղի, ինչպես նաև ամբողջ օրգանիզմի հոմեոստազում:

Ակադեմիկոս Հ. Բունիաթյանի անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում ժամանակակից բարձր մակարդակով կատարված աշխատանքները լայն ճանաչում են գտել ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում: Զգալի հաջողություններ են ձեռք բերվել ուղեղի հյուսվածքի կենսաքիմիական մի շարք նուրբ մեխանիզմների բացահայտման և ստացված արդյունքները բժշկության մեջ ներդնելու ուղղությամբ:

Ակադեմիկոս Հ. Բունիաթյանը կարևոր ներդրում ունի մեր հանրապետությունում երիտասարդ գիտական կադրերի պատրաստման գործում և հիրավի հանդիսանում է Հայկական կենսաքիմիական դպրոցի հիմնադիրն ու ղեկավարը: Նրա ղեկավարությամբ ավելի քան 60 գիտական աշխատողներ պաշտպանել են թեկնածուական ու դոկտորական թեզեր: Նրա գրչին է պատկանում ավելի քան 250 գիտական աշխատանք ու մենագրություն: Նա կենսաքիմիայի ինստիտուտի կողմից լույս ընծայվող «ՈՒղեղի կենսաքիմիայի հարցեր» գիտական ժողովածուների խմբագիրն էր: Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ «Նեյրոքիմիա» հանդեսի ստեղծումը ակադեմիկոս Հ. Բունիաթյանի և նրա կողմից ղեկավարած կենսաքիմիկոսների ծառայության ակնհայտ գնահատումն էր, որոնք նշանակալի ներդրում ունեն նյարդաքիմիայի մի շարք կարևոր ուղղությունների զարգացման ասպարեզում:

Բեղմնավոր էր նաև ակադեմիկոս Հ. Բունիաթյանի հասարակական գործունեությունը: Երկար տարիներ նա ղեկավարել է հանրապետության ֆիզիոլոգների, կենսաքիմիկոսների և դեղաբանների, այնուհետև կենսաքիմիկոսների ընկերությունները: Նա ակտիվորեն մասնակցել է միջազգային կենսաքիմիական մի շարք կոնգրեսների ու գիտաժողովների աշխատանքներին: Ակադեմիկոս Հ. Բունիաթյանը գիտության նշանավոր կազմակերպիչ էր: Նա աչքի էր ընկնում գիտության տարբեր բնագավառներին և մշակույթին վերաբերող հանրագիտարանային գիտելիքներով, հսկայական աշխատասիրությամբ, որոնք ներդաշնակորեն զուգակցվում էին սկզբունքայնությամբ և պահանջկոտությամբ իրեն և իր աշակերտների նկատմամբ, զգայուն ու հոգատար վերաբերմունքով դեպի գիտական աշխատողները և, հատկապես, երիտասարդները:

Հ. Բունիաթյանը ոչ միայն խոշոր գիտնական էր, այլև հիանալի մանկավարժ: Կենսաքիմիայի վերաբերյալ նրա դասախոսությունները Երևանի պետական համալսարանի, Բժշկական և Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների ուսանողների համար միշտ աչքի էին ընկնում իրենց կուռ շարադրանքով, գիտական տրամաբանությամբ, հետաքրքրությամբ և խորությամբ: Մեր հանրապետությունում աշխատող շատ պրոֆեսորներ, գիտության դոկտորներ ու թեկնածուներ, տարբեր լաբորատորիաների և գիտական հիմնարկությունների ղեկավարներ հանդիսանում են Հ. Բունիաթյանի աշակերտները: Այդ կարևոր հանգամանքը նրան բնութագրում է որպես բազմահմուտ մանկավարժի և գիտնականի: Օժտված լինելով մեծ խորագիտությամբ ու ներքին կուլտուրայով, զուգակցված բացառիկ համեստությամբ, Հ. Բունիաթյանը հիրավի վայելում էր իր աշակերտների ու բարեկամների խոր հարգանքն ու սերը:

Ականավոր գիտնականի ու մանկավարժի, մարդու և քաղաքացու` ակադեմիկոս Հրաչյա Խաչատուրի Բունիաթյանի կերպարը վառ օրինակ կարող է ծառայել գիտնականների երիտասարդ սերնդի համար:

 

Պրոֆեսոր Արմեն Սիմոնյան 

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ,
ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի
ինստիտուտի լաբորատորիայի վարիչ