Նոր մանրամասներ՝ Տուլայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավոր քաղաքացիների մասին


tula vtar

Երեկ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը (որում եղել է 20 ուղևոր), տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վիրավորներից 6-­ը տեղափոխվել է Ստուպինո, 3­-ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց: Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Տուլայում բժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է: Նրանց բուժօգնությունն իրականացվում է Տուլայի հիվանդանոցում, երեխաներինը՝ Տուլայի շրջանային մանկական կլինիկական հիվանդանոցում և Տուլայի Վանիխինի անվան հիվանդանոցում: 2-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար, երեխաներից մեկինը՝ միջին ծանրության:

Նշենք, որ բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն ու սպասարկում:

ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ: