Առաջարկ ՀՀ ՊՆ-ին և Արցախի ՊԲ-ին


lxh-pn

Հայոց Ազգային Գվարդիան առաջարկ է ներկաացրել Պաշտպանության նախարարությանն ու Պաշտպանության բանակին։

«Հարգելի Պաշտպանության Նախարար, Պաշտպանության Բանակի հրամանատարություն, առաջարկում ենք այսուհետ հակառակարդի կողմից մեր բանակին պատճառված կորուստների և վիրավորների մասին հայտնել տեղի ունեցած միջադեպից երկու-երեք օրվա ընթացքում, առանց մանրամասնելու թե առաջնագծի որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը: Զոհված կամ վիրավոր զինվորների հարազատներին պատշաճ և արժանապատիվ ձևով հայտնելուց և նրանցից այդ լուրը հրապարակելու իրավունք ստանալուց հետո միայն:

Հակառակորդը չպետք է իմանա թե իր ձեռնարկած ո՞ր սադրիչ գործողությունն է արդյունք ունեցել և որտեղ: Առաջին անգամ չէ, որ հարազատներից տեղեկանում ենք իրենց սիրելի որդու կամ եղբոր կամ հարազատի մահվան բոթը համացանցից տեղեկանալու մասին, մեր կարծիքով դա մարդկային արժանապատվության, զոհված հայրենակիցների հանդեպ հարգանքի և մարդկային այլ նորմերի կոպիտ խախտում է: Կարծում ենք, որ զինվորին զորակոչած զինկոմիսարիատներում պետք է լինի հատուկ բաժին ովքեր անձամբ կայցելեն ծնողներին նման լուրը պատշաճ ու արժանապատիվ ձևով հայտնելու համար: Սպայական կազմում կորուստ ունենալու դեպքում այդ դժվար առաքելությունը պետք է իր վրա վերցնի ՊՆ կամ ՊԲ որևէ ծառայություն և կրկին անձամբ այցելելով հայտնեն հարազատներին: Պետք է խիստ պատիժ սահմանվի նման տեղեկության արտահոսքի համար հենց զորամասերում:

Գաղտնիք չէ, որ բջջային կապով հենց անմիջապես զորամասերից միջադեպերի տեղի ունենալուց րոպեներ անց արդեն որոշ անպատասխանատու ծառայողներ հայտնում են իրենց «ծանոթներին» մանրամասներ տեղի ունեցածի մասին, ինչը պատճառ է հանդիսանում հազարավոր ծնողների մոտ մահացու անհանգստության, մինչև որ պարզում են, որ զոհվածն իրենց որդին չէ, այլ մեկ այլ զինծառայող:

Գաղտնիք չէ, որ նման պահերին հազարավոր ծնողներ փորձում են նույն բջջային կապով պարզել իրենց ծառայողի որպիսությունը, դրանով իսկ վտանգելով նրանց կյանքը, քանզի գիտենք, որ բջջային կապը հնարավոր է ոչ միայն լսել այլ բջջային կապի օգտագործման պահին պարզել օգտագործողի գտնվելու ճշգրիտ վայրը: Մեկ օր շուտ կամ մեկ օր ուշ հանրությանը հայտնել կորուստների մասին չի կարող վնասել որևէ բանի և համոզված եմ, որ հանրությունը տեղեկանալով զոհի մասին միջադեպից անմիջապես հետո, ոչնչով չի օգնում մեր բանակին:

Որպես օրինակ կարող ենք նշել մեր գվարդիականներ Արշակի և Դավիթի հետ տեղի ունեցած միջադեպը, երբ տղաները դեռ գտնվելով կրակահերթի տակ Արցախում մեզ այստեղ որպես «լավություն» արդեն հայտնել էին նրանց «զոհվելու» մասին: Նման օրինակներ կարող ենք շատ բերել, բայց մեզ իրավունք չենք վերապահում ներկայացնել մնացածի հետ տեղի ունացած պատմությունները առանց նրանց համաձայնության: Կարծում ենք՝ հնարավոր է խստացնել զորամասերում տեղեկատվության արտահոսքի վերահսկումը և կոնկրետ միջոցներ ձեռնարկել լրատվամիջոցներին արգելելու պաշտոնական հայտարարությունից առաջ նման լուրերը տարածելու դեմ:

Հուսով ենք՝ մեր առաջարկը հաշվի կառնվի և կքննարկվի»,- ասված է Հայոց Ազգային Գվարդիայի առաջարկում։