Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան


lapshin

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատը կմեկնարկի հունիսի 22-ին։ Այդ մասին հաղորդում է Minval.az-ը: Գործը փոխանցվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան՝ դատավոր Ալովսաթ Աբասովին։

Ռուսաստանի, Իսրայելի եւ մի շարք երկրների քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» Արցախի Հանրապետություն այցելության համար։

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան Նրա անվան գրության մեջ առկա տառի տարբերությունը սահմանապահները չէին նկատել։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:

Ռուսաստանը եւ Իսրայելը փորձել են հասնել արտահանձնման որոշման չեղարկմանը: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս կայացած մամուլի ասուլիսից հետո ակնհայտ էր, որ Լապշինին կարտահանձնեն: Փետրվարի 7-ի երեկոյան Ալեքսանդր Լապշինին Բաքու են տեղափոխել: