Արցախը երբևէ քաղաքացիական ինքնաթիռներ չի խոցելու. Դավիթ Բաբայան


davit babayan

«Արցախպրես»-ը գրում է.

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Ստամբուլից Բաքու թռչող «Turkish Airlines» ավիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը, որը կատարում է TK334 /THY3RF չվերթը, անցնում է Արցախի օդային տարածքով:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է, որ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանի, ահաբեկչական պետություն չէ. Արցախի օդային տարածքով բազմաթիվ միջազգային չվերթներ են իրականացվում:
«Նախ՝ մենք Ադրբեջան չենք, որ խոցենք քաղաքացիական ինքնաթիռներ. դա մեր էությանը խորթ է: Երկրորդ՝ եթե այդպիսի չվերթ է իրականացվում, դա ցույց է տալիս Ադրբեջանի քարոզչության ողջ կեղծ լինելը: Մի կողմից նրանք հորդորում են, որ Արցախի օդային տարածքով ոչ մի չվերթ չլինի, մյուս կողմից այդ նույն տարածքով իրականացնում են տարբեր միջազգային չվերթներ. փաստորեն Ադրբեջանն ինքն իրեն հակասում է: Թող աշխարհը տեսնի, թե ինչ տարբերություն կա մեր և Ադրբեջանի պես բարբարոս, ֆաշիստական պետությունների միջև»,- ասել է Դ. Բաբայանը:
ԱՀ նախագահի մամլո քարտուղարի խոսքով՝ Արցախը երբևէ քաղաքացիական ինքնաթիռներ չի խոցելու, քանի որ դա դեմ է նրա որդեգրած արժեհամակարգին:
«Երբ Ադրբեջանի նախագահի մակարդակով ասվում է, որ պետք է ոչնչացնել Երևան-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Երևան չվերթ իրականացնող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ, ապա դա միջազգային հանրության համար կարևորագույն խնդիր և ահազանգ պիտք է դառնա: Ինչպես «Իսլամական պետության», «Ալ-Քաիդա»-ի և ահաբեկչական այլ կազմակերպությունների և նրանց ղեկավարների կամ ներկայացուցիչների դեմ են պատժամիջոցներ իրականացնում, նույնն էլ պիտի արվեն Ալիևի և նրա վարչախմբի ներկայացուցիչների նկատմամբ»,- ասել է Դ. Բաբայանը: