Եթե ՀՀ իրավապահները չարձագանքեն, կդիմեմ միջազգային իրավապահ կառույցներին․ Արիանա Հովսեփյան


ariana hovsepyan

Օրերս NEWSPRESS.am կայքի հիմնադիր-տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթանին, Ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանին, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ առ այն, որ հետամուտ լինեն բացահայտելու Գայանե Մանուկյանի գործունեությունը։ Վերջինս Լոս Անջելեսում հանդիսանում է լրատվական կայքի տնօրեն։ Սակայն ոստիկանության կողմից դեռևս որևէ տեղաշարժ չտեսնելով՝ Արիանա Հովսեփյանն ուղղում է իր երկրորդ բաց նամակը, որում, մասնավորապես, ասված է․

«Ես՝ Արիանա Հովսեփյանս, հանդիսանում եմ միջազգային խոշորագույն երկու կառույցի՝ SEEMO և IPI լրատվական ամենահեղինակավոր կազմակերպությունների խորհրդի անդամ և, միաժամանակ, Հայաստանում ներկայացնում եմ NEWSPRESS.am լրատվական կայքը՝ հանդիսանալով կայքի հիմնադիր-տնօրենը: Ցավով հայտնում եմ ձեզ, որ այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում բնակվող՝ ՀՀ քաղաքացի Գայանե Մանուկյանը, ում կրթությունն, իմ տեղեկություններով, միջնակարգ է, ներկայանալով որպես լրագրող, իրականացնում է թե′ օրենքի, և′ թե էթիկայի տեսանկյունից անթույլատրելի գործունեություն:

Անպատժելիությունից ոգևորված՝ Գ. Մանուկյանը վարկաբեկիչ և զրպարտող նյութեր է հրապարակում իր կայքում: Սույն տիկնոջ դեմ ԱՄՆ-ում մի խումբ մարդիկ արդեն դիմել են դատարան և նրա գործունեության հետ կապված ամերիկյան դատարանում արդեն կա մի քանի դատական գործ, սակայն միանգամայն այլ է վիճակը Հայաստանում, այստեղ տիրող չվերահսկվող իրավիճակից՝ գոնե առայժմ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկել Մանուկյանին:

Իհարկե՛, հարկ եմ համարում ևս մեկ անգամ նկատել, որ իրավապահները, կապված թե՛ Գայանե Մանուկյանի, թե՛ նրա մոր՝ Գոհար Խաչատրյանի հետ, պետք է համապատասխան գործողություններ կիրառեն։ Չնայած այս մասին ես արդեն բաց նամակով հայտնել եմ պատկան մարմիններին, այդ թվում՝ ՀՀ ոստիկանությանը, սակայն մինչ օրս արձագանք չկա վերջիններիս կողմից։

Ավելորդ չեմ համարում նշել, որ Գայանե Մանուկյանը հանդիսանում է Հայաստանի քաղաքացի և զարմանալի է պարզապես, թե ինչու են Հայաստանի պատկան մարմիններն ու, մասնավորապես, ՀՀ ոստիկանությունը լռում ու հանդուրժում նրա զրպարտանքները։ Սա այն դեպքում, երբ Գայանե Մանուկյանն իր զրպարտող նյութերով ու վիրավորանքներով անդրադարձել է ոչ միայն ինձ ու իմ կայքի գործունեությանը, այլև անմիջապես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և նաև հայհոյանքներ է ուղղել ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին։

Զերծ եմ մնում ավելորդ մեկնաբանություններից և չեմ փորձում անդրադառնալ նրան, թե ինչու ոստիկանությունը շահագրգիռ չէ կարծես բացահայտել այդ տիկնոջ անառողջ գործունեությունը։ Պարզապես ուզում եմ հավատալ, որ ոստիկանապետն այս հարցում կցուցաբերի անաչառություն և չի ընկնի ազդեցության տակ՝ կոծկելու տիկնոջ անառողջ գործունեությունը, որն ուղղակի հարվածում է մեր երկրի ու մեր երկիրը ներկայացնող պաշտոնյաների հեղինակությանը ու որևէ առնչություն չունի լրագրության հետ:

Ու եթե ՀՀ դատախազությունը, ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն և ոստիկանությունը չզբաղվեն այս հարցով՝ ստիպված կդիմեմ միջազգային իրավապահ կառույցներին։

Հարգանքներով՝ Արիանա Հովսեփյան»: