Հարսնացուն՝ Երևանից, փեսացուն՝ բանակից. Արցախում Սարգսյանների ընտանիքում 7-րդ երեխան է ծնվել (ֆոտո) - Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկայում - Ուշադրություն. որոնվում է (լուսանկար) - Մենք պատերազմի դաշտում կրել ենք հաղթանակ, իսկ դիվանագիտական դաշտում՝ խոր պարտություն - Անցնող շաբաթը՝ սահմանին - Մանուկները՝ հանուն մաքրության. շաբաթօրյակը՝ Գեղանիստի միջնակարգ դպրոցում (ֆոտո) - «Կարող ենք օբյեկտիվորեն մեր երկիրը համարել աշխարհի ապահով երկրներից մեկը» - Գորիսում արկ է հայտնաբերվել - «Վերջին զանգ». Տուգանային հրապարակ է տարվել 67 մեքենա - «Բավրա» մաքսակետի պետի և ՍՊԸ-ի տնօրենի ձերբակալությունը՝ տեսանյութով

Հայաստանում ամեն նվագելը սթրես է․ Տիգրան Համասյանը՝ երևանյան մենահամերգից առաջ


tigran hamasyan

Մայիսի 7-ին և 8-ին Տիգրան Համասյանի՝ Երևանում կայանալիք մենահամերգի ժամանակ հիմնականում կհնչեն վերջին 4 տարվա ստեղծագործությունները, որոնք ներառված են այս տարվա մարտի 31-ին լույս տեսած An Ancient Օbserver ալբոմում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ինքը դաշնակահարը։

Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է ժողովրդական մեղեդիների վրա հիմնված էտյուդների շարք անել, որոնցից առաջին էլ ընդգրկվել է ալբոմում։ Երաժիշտն արդեն ունեցել է 27 համերգ՝ այս ծրագրով և մինչև հաջորդ տարեվերջ դրանք կշարունակվեն Ժնևում, Մոսկվայում, Ճապոնիայում, Ավստրալիայում և այլն։ Հայաստանի այլ քաղաքներում այս համերգային ծրագիրը չի ներկայացվի։

Հարցին, թե երաժիշտների՞ մեղքն է, թե՞ մշակութային սխալ քաղաքականության արդյունք է, երբ մեր ժողովրդի ճաշակի մասին լավ գնահատականներ չեն հնչում, և պետությունն էլ շատ դեպքերում ճանապարհ է հարթում ցածրորակ երաժիշտների համար, Համասյանը պատասխանեց, որ հարցը բարդ է, կարելի է երկար խոսել։ Նա բերեց Եվրոպայի օրինակը․ «Այնտեղ հասարակ պետական թատրոններ կան, որտեղ կայանում է 100-150 համերգ։ Դրանք ներկայացնում են տարբեր ազգերի լավագույն երաժիշտները։ Այդպես են կրթվում, մեկ տարում լսում են այն, ինչ մենք կարող ենք լսել 20 տարվա ընթացքում։ Մեղադրել պետք չէ։ Ամերիկայում ավելի վատ է»։

Համասյանն ընդգծեց, որ երաժիշտները պետք է հասկանան, որ կարևորը ոչ թե հայտնի դառնալն է, այլ բարձրորակ երաժշտություն ներկայացնելը։

Նա ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում ջազի մեջ չկա մրցակցություն, քանի որ ջազ-երաժիշտները փոքրաթիվ են․ «Մրցակցության առումով լուրջ պրոբլեմ կա»,- ասաց նա։

Ըստ դաշնակահարի՝ յուրաքանչյուր ստեղծագործողի համար կարևոր է դրսում լինելը, միմյանց հետ մշակույթներ փոխանակելը, այդպիսով կայանալը։

Անդրադառնալով հարցին, թե չի՞ լսել արդյոք քննադատություն այն բանի վերաբերյալ, երբ մշակում է Կոմիտասի ստեղծագործությունը, երբեք չե՞ն ասում՝ մի՛ արա, նա պատասխանեց, որ ժողովրդական մեղեդիները մշակելու մասին ոչինչ չի լսել, ինչ-որ բաներ լսել է «Լույս ի Լուսոյ»-ի ժամանակ։

Ինքը ևս կարծում է՝ ժողովրդական երաժշտությունն արդեն կայացած է, իդեալական է, ավելորդ բաների կարիք չունի։

«Երբ երաժշտությանը ձեռք ես տալիս, ապա դա պետք է հիմնավորված լինի, հիմնավորված լինելն էլ նշանակում է, որ պիտի տարիների ուսումնասիրություն լինի։ Այդ երաժշտությունը մարդ պետք է ապրի, ոչ թե լսի, ասի՝ հավես մեղեդի է, մի-երկու ջազային ակորդ ավելացնի, դառնա մշակում, այդպիսի բան ես անում էի 15 տարեկանում։ Դա պարզապես հայհոյանք է ժողովրդական երաժշտության հասցեին»,- նկատեց դաշնակահարը։

Ինչ վերաբերում է միջազգային մրցույթներին, ապա Համասյանը նկատեց, որ թեև «Գրեմմիի» մեջ քաղաքականություն կա, բայց այնուամենայնիվ դեմ չէր լինի «Գրեմմիի» արժանանալուն։

Վերջում Տիգրան Համասյանն անկեղծացավ, որ թեև Հայաստանում բազմաթիվ համերգներ է ունեցել, սակայն մինչ օրս  էլ իր համար սթրես է այստեղ նվագելը։ «Պատասխանատվությունը մեծ է,- ասում է։ Երբ նոր ստեղծագործություն եմ գրում, չեմ համբերում, թե մերոնց մոտ երբ եմ ներկայացնելու»,- ասաց Համասյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին և 8-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Տիգրան Համասյանի մենահամերգը։

NEWSPRESS.am