Ադրբեջանը «նավթային կախվածությունը» բալանսավորում է լոգիստիկայի միջոցով. քաղաքագետ - Բանակցություններն ավարտվեցին. Սերժ Սարգսյանի խոսնակ (լուսանկարներ) - Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը ՆԱՄ-ում (լուսանկարներ) - Ընթանում է Սարգսյան-Ալիև առանձնազրույցը - Հատուկ կործանարար փոթորիկ ստեղծողների համար. Գագիկ Սուրենյանի պարզաբանումը - Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի կյանքը վտանգված է. ՀՔԱՎ գրասենյակ - Մոսկվայի կենտրոնում գնդակահարել են Հայաստանի քաղաքացու - Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունները սկսվել են (լուսանկար) - ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է - Սպասվում է քամու ուժգնացում

Երբ հայ «դիվանագետները» լռում են՝ ազերիները խոսում են թուրքերի փոխարեն


ehmf3

Բազմիցս խոսել ենք ՀՀ ԱԳ նախարարի և նրա որոշ դեսպանների ազգադավ գործունեության մասին և այդ ֆոնի վրա ազերական կողմի անհեթեթ, բայց բավականին մեծ ակտիվության մասին:

Մոսկվայում ազերիների դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլին, չնայած իր խայտառակ հակահայ գործունեությանը, առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին: Նույն Մոսկվայում Սլովակիայի դեսպան, Ազգային խորհրդի նախկին նախագահ Յոզեֆ Միգաշը, կաշառվելով վերոհիշյալ Փոլադի կողմից՝ ոչ միայն հերքել էր Հայոց ցեղասպանության օրենքի գոյության փաստը, այլև օգտվելով հայկական դիվանագետների տկարությունից՝ ցայսօր բարբաջում է այդ օրենքի գոյության դեմ:

Եվ ահա բիզնեսով զբաղվով հայ դիվանագետների փոխարեն կրկին ազերիների դեմ պայքարի գործն իր վրա է վերցրել Եվրոպայի հայկական լոբբիստական կառույցը՝ ԵՀՄՖ-ն:

Ապրիլի 26-ին Բրատիսլավայում Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) և Քաղաքա-տնտեսական վերլուծությունների և կանխատեսումների համաեվրոպական կենտրոնը (PANAP), որոնց նախագահն է դոկտոր Աշոտ Գրիգորյանը, կազմակերպել էին կոնֆերանս՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին՝ «20-րդ դարի ցեղասպանությունը և դրա կանխարգելումը ժամանակակից աշխարհում» թեմայով:

Կոնֆերանսին ներկա էին ոչ միայն Սլովակիայի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Յան Չառնոգուրսկին, Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Տիբոր Միկուշը, Շտեֆան Հարաբինը, Պավել Հրուշովսկին, այլև Սլովակիայի հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչ, դեսպանի ավագ խորհրդական Դմիտրի Կովալկովը, Ռուսաստանի Ստրատեգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի գլխավոր խորհրդական, ակադեմիկոս Վլադիմիր Կոզինը և այլ հյուրեր:

Կոնֆերանսի բացման խոսքում ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը պատմական անդրադարձ կատարեց՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը և նրա մերժման հետևանքները:

Դոկտոր Գրիգորյանի կողմից ներկայացվեց Հայոց ցեղասպանության շուրջ Սլովակիայում ընդունված օրենքը, որը պատմականորեն ցեղասպանության առաջին պաշտոնական ձևակերպումն է հանդիսանում:

Այնուհետև խոսեց ցեղասպանությանը նախորդող և հաջորդող ժամանակաշրջաններում իրականացվող մշակութային ցեղասպանությունների մասին՝ ներկայացնելով «Մշակութային ցեղասպանություն» եզրը
սահմանող Տաթևիկ Գրիգորյանի աշխատությունը, որը պատրաստվել է «The University College London»-ում տարիներ առաջ և տպագրվել մի շարք լեզուներով (անգլերեն, հայերեն, ռումիներեն):

Այնուհետև Ա. Գրիգորյանը ներկայացրեց ադրբեջանցի գրող Ակրամ Այնիսլիի «Քարե երազներ» գիրքը՝ նշելով, որ սա աննախադեպ երևույթ է և չափազանց ողջունելի, որ ադրբեջանական հասարակության մեջ կան եզակի առողջ մտածողություն ունեցող, քաջ, ազնիվ և հումանիստ անձնավորություններ:

Շտեֆան Հարաբինի «Ցեղասպանության ժխտումը հանցագործություն, Սլովակիան առաջին երկիրն է, որը քրեական պատասխանատվություն է սահմանել ցեղասպանության փաստը ժխտելու համար» թեմայով ելույթը մեծ հետաքրքրությամբ ընդունվեց մասնակիցների կողմից:

Պարոն Հարաբինը ներկայացրեց 2009թ. սեպտեմբերի 1-ից Սլովակիայում գործող Հայոց ցեղասպանության մերժումը դատապարտող Քրեական օրենսգրքի 424 Ա օրենքի դրույթները՝ հաստատելով, որ Հայոց ցեղասպանությունը ժխտելու դեպքում նախատեսվում է ազատազրկում մինչև 5 տարի: Պարոն Հարաբինը ԵՀՄՖ-ի նախագահի և նախագահության անդամների հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել և ներկայացրել պատմության մեջ առաջին անգամ Սլովակիայի կառավարության կողմից ընդունված և հաստատված այս օրենքի մանրամասները:

ԵՀՄՖ-ի նախագահությունը բազմիցս նշել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և նրա Մոսկվայում դեսպանի և հատկապես Սլովակիան ծածկող, Պրահայում նստավայր ունեցող դեսպանի հակաազգային գործունեության մասին: Մինչ այսօր սրանք չեն մասնակցել ազերիների կողմից գնված Սլովակիայի Մոսկվայում դեսպան Յուզեֆ Միգոշի դեմ հարուցված քրեական գործի ընթացքին:

Ակադեմիկոս Կոզինի «Սիրիայում կոնֆլիկտի լուծման գործում Ռուսաստանի ազդեցությունը» թեմայով փաստագրական և ապացույցներով հիմնավորված ելույթը ոչ միայն գրավել էր մասնակիցների ուշադրությունը, այլև ելույթին հաջորդած հարցուպատասխանը տևեց նախատեսվածից շուրջ 2 ժամ ավելի: Նա Սիրիայում տիրող իրավիճակը բնորոշեց նաև որպես Հայոց ցեղասպանության դատապարտումը չընդունելու ուղղակի հետևանք:

Գրեթե բոլոր ելույթ ունեցողները նշեցին, որ 20-րդ դարավերջի Հայոց ցեղասպանության չդատապարտված լինելու և անհետևանք թողնված լինելու պատճառով 21-րդ դարում երկրագնդի տարբեր հատվածներում տեղի են ունեցել և ունենում զանազան ռազմական բախումներ, պատերազմներ, որոնց մանրամասն և բազմակողմանի վերլուծությունից հետո ակնհայտ է դառնում, որ դրանք ևս իրենցից ներկայացնում են ցեղասպանության տարբեր դրսևորումներ այս կամ այն երկրի բնակչության նկատմամբ, որին, ցավոք, քաղաքական այս կամ այն նպատակից ելնելով, բնորոշում են որպես անհրաժեշտ ռազմական գործողություններ՝ ահաբեկիչների, ծայրահեղականների, ոչ ժողովրդավար ղեկավարների դեմ պայքարի և այլնի անվան տակ:

Մտացածին և չապացուցված հիմնավորումները ներկայումս հիմք են հանդիսանում 21-րդ դարում տեղի ունեցող այդ ցեղասպանությունների համար: Սա այժմյան մեծագույն չարիքներից մեկն է, որն օգտագործվում է որոշ երկրների կողմից իրենց աշխարհաքաղաքական ծրագրերի և նպատակների իրականացման համար: Օրինակները բազմաթիվ են՝ Իրաք, Աֆղանստան, Լիբիա, Սիրիա և այլն:

Մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ դնելով Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

Կոնֆերանսն ամփոփվեց ընթրիքով, որի ընթացքում բանախոսների ու մասնակիցների միջև ծավալված հարցուպատասխանի միջոցով տեղի ունեցավ կարծիքների փոխանակում և քննարկում:

ehmf1 ehmf2

ehmf

ԵՀՄՖ-ի նախագահություն
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
28.04.2017
Բրատիսլավա, Սլովակիա