Ցեղասպանությունների ժխտման թեմայով համաժողով՝ Բրատիսլավայում


ashot grigoryan

Ապրիլի 26-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի է ունեցել Ցեղասպանությունների ժխտման թեմայով համաժողով, որին մասնակցել են գիտնականներ, քաղաքական գործիչներ, Սլովակիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Համաժողովը կազմակերպել էր Եվրոպայի հայկական միությունների ֆորումը, Սլովակիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը և Համաեվրոպական վերալուծական և քաղաքական կենտրոնը (ՊԱՆԱՊ):

NEWSPRESS.am կայքի հարցերին պատասխանում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

— Պարո′ն Գրիգորյան, ի՞նչ հարցեր են քննարկվել համաժողովի ժամանակ։

-Ապրիլի 26-ին Բրատիսլավայում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի և Համամաեվրոպական վերլուծական և քաղաքական կենտրոնի կողմից կազմակերպվել էր 20-րդ և 21-րդ դարերում տեղի ունեցող ցեղասպանությունների ժխտմանը նվիրված համաժողով։

Նշեմ, որ հստակ նկատվում է 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության ժխտման և միջազգային հանրության կողմից մինչև այսօր իրականացվող տարբեր ցեղասպանությունների և ջարդերի չդատապարտման հետևանքները։ Ահա այս թեմային էր նվիրված մեր կազմակերպած համաժողովը, որին մասնակցեցին Ռուսաստանի և Սլովակիայի հայտնի քաղաքական գործիչները։

-Սլովակիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենք․ ներկայացվե՞ց այն համաժողովի մասնակիցներին։

-Այո, ես այն ներկայացրի ամենայն մանրամասնությամբ։ Բացի այդ, համաժողովի բացման ժամանակ ներկայացրի ցեղասպանություններին հաջորդող մշակութային ցեղասպանության շուրջ Լոնդոնի ԻՍԼ համալսարանում Տաթևիկ Գրիգորյանի հեղինակած «Մշակութային ցեղասպանություն» մենագրությունը և ադրբեջանցի մեծ հումանիստ Աքրամ Այլիսլի «Քարե երազներ» վեպը, որտեղ ներկայացված են Ադրբեջանում, մասնավորապես՝ Բաքվում անմարդկային և վայրագ ձևով կատարված հայկական ջարդերը։

-Կներկայացնեք, թե ովքե՞ր են մասնավորապես մասնակցել համաժողովին և ի՞նչ ներկայացրին։

-Համաժողովին մասնակցում էին ամենահայտնի սլովակ քաղաքական գործիչներ՝ նախկին վարչապետ Յան Չարնոգորսկին, փոխվարչապետ, արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինը։ Վերջինս ևս մեկ անգամ ներկայացրեց Հայոց ցեղասպանության օրենքը, որն ընդունվել է 2009թ․ և գործում է Սլովակիայում մինչև այսօր, պառլամենտի նախկին նախկին նախագահներ Ֆրանտիշեկ Միկլոշկուն, Պավոլ Հրուշովսկին և Տրնավայի մարզպետ Տիբոր Միկուշը:

Համաժողովին մասնակցում էր և ելույթով հանդես եկավ Ռուսաստանի դաշնության ակադեմիայի անդամ, ռազմական գիտությունների դոկտոր Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր խորհրդական Վլադիմիր Կոզինը։

Կոզինը մանրամասնորեն ներկայացրեց վերջին տարիներին իրականացվող ջարդերը, որոնք ունեն ցեղասպանության հայտանիշներ, հատկապես նա կանգ առավ Սիրիայում ԴԱԻՇ-ի կողմից իրականացվող քրիստոնյա ժողովուրդների և մասնավորապես Քեսաբի հայության ջարդերին։ Պարոն Կոզինը նաև ներկայացրեց Լուգանսկում այսօր ընթացող ջարդերը, որի զոհ է դարձել 30 հազարից ավել խաղաղ բնակիչ։

Ashot grigoryan cexaspanutyun

Պարոն Կոզինի քաղաքական վերլուծությունները դարձան բուռն բանավեճի արդյունք։ Ներկաներն առաջարկում էին վերանայել Ռուսաստանի և Եվրամիության վերջին տարիներին անկում ապրած հարաբերությունները՝ նկատելով, որ այն կտրուկ լավացման հնարավորություններ ունի։ Սլովակ գործիչների կարծիքով՝ բացառիկ սխալ կլինի Ռուսաստանին մերժելով՝ դեպի Չինաստան ուղղորդելը։ Ըստ գործող կարծիքի՝ Ռուսաստանը եվրոպական մշակույթի անքակտելի մաս է կազմում, և եթե Եվրամիությունը կարողանար ձերբազատվել ամերիկյան ճնշումներից և կախվածությունից, կարող էր Ռուսաստանի հետ հիանալի համագործակցել։

Ashot grigoryan 1

Ընդհանուր համաձայնությունը բոլոր մանակիցներին հստակ էր․ պետք է պատմության առաջին ցեղասպանությունը ստիպել, որ ընդունվի աշխարհի բոլոր հզոր երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից, և միայն Հայոց ցեղասպանությանը արդարացի գնահատական տալով կարելի է կանխել այսօրվա մեծ թափ հավաքած տարբեր ջարդերն ու ցեղասպանությունները։ Համաժողովի մասնակիցները որոշում ընդունեցին՝ ամեն տարի ապրիլին կազմակերպել այս թեմայով գիտաժողովներ՝ մեծացնելով նրա շրջանակները։