«Ոգեկոչում արվեստի շնչով»․ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի (ֆոտո)


vogekochum arvesti shnchum

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

2003 թվականից ի վեր՝ ամեն տարի՝ ապրիլի 24-ին, «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը՝ կոչ անելով աշխարհին հարգել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայ ազգի վերածնունդը և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալ նոր ցեղասպանությունների կրկնությունը:

— Մեր ազգն ունի դարերից եկող ստեղծարար ոգի՝ արարելու, ստեղծագործելու և գոյատևելու գաղափարախոսությամբ… Այսպես ենք մենք ապրել միշտ: Գալիս ենք հնուց, բազմած ենք ներկայում և գնում ենք առաջ՝ դեպի ապագա,- հոգևոր խոսքով հանդես եկավ Կոտայքի թեմի Առինջ գյուղի Սուրբ Աստվածածին և Սուրբ Հովհաննես եկեղեցիների հոգևոր հովիվ տեր Սմբատ քահանա Սարգսյանը:

Միջոցառմանը հանդես եկան «Փարոս» երգչախումբը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան), «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արտեմ Խաչատուր), երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը և իր ղեկավարած երգչախումբը, «Նովա» անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Հովիկ Սահակյան), «Նժդեհ» պարախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան), ինչպես նաև տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի միության լուսանկարիչ Գարեգին Աղաբեկյանի ցուցահանդեսի բացումը:

narekaci1 narekaci2 narekaci3 narekaci4 narekaci5