Երկրի զարգացումն անհնար է, եթե համայնքները հստակ չպատկերացնեն… վարչապետ


karen karapetyan

«Մենք համոզված ենք, որ տարածքային զարգացումը, և ընդհանրապես, մեր երկրի զարգացումն անհնար է, եթե մարզերը, համայնքները հստակ չպատկերացնեն, չունենան զարգացման ծրագրեր, որտեղ կլինեն ոչ միայն մանկապարտեզի, տանիքի, ճանապարհի, այլև աշխատատեղերի ստեղծման, զբաղվածության խնդիրների լուծման, սեփական եկամուտներն ավելացնելու հստակ առաջարկություններ ու քայլեր: Կա մի պարզ տրամաբանություն. մենք այստեղ նստած չենք կարող համայնքի ծրագրերը, խնդիրներն ավելի լավ պատկերացնել, քան տեղական ինքնակառավարման մարմինները»,- Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարապետ Կարեն Կարապետյանն՝ այսօր է մարզերի 20 համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Գործադիրի ղեկավարի խոսքով, հանրապետությունում կառավարման տեսակետից կան բազմաթիվ խնդիրներ և, ցավոք, համայնքներից ստացված զարգացման ծրագրերը հեռու են այն մակարդակից, որը պահանջում է ժամանակակից կառավարումը:

«Սակայն պետք է քայլ առ քայլ, ճշտելով, ուղղելով, մեկս մյուսից սովորելով՝ գնանք առաջ: Ընտրել ենք 20 համայնքներ, որոնք ներկայացրել են լավագույն ծրագրերը, որոնց հիման վրա պետք է ձևավորենք աշխատանքային ռեժիմ, թե ինչպես ենք համատեղ աշխատելու, ի՞նչ պետք է անեն կառավարությունը, մարզպետները և համայնքները: Ծրագրերի իրականացման գործընթացին պետք է ներգրավել նաև տվյալ համայնքի հաջողակ գործարարներին, բարերարներին, որպեսզի փորձենք համատեղ ուժերով զարգացնել համայնքը»,- ընդգծել է վարչապետը:
Համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել զարգացման ծրագրերն՝ ուղղված խնդիրների լուծմանը, սեփական եկամուտների ավելացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և այլ նպատակային նախագծերի իրականացմանը, որոնք կարող են համայնքին ապահովել տնտեսական արդյունք:
«Ցանկանում ենք համայնքների ղեկավարները շահագրգռված լինեն, որպեսզի իրենց համայնքների շուրջ ձևավորվի բիզնեսի ներգրավման միջավայր, աստիճանաբար ձևավորվի համայնքի ինքնաբավ, մոտիվացնող բյուջե: Մենք միանշանակ հետևողականորեն գնալու ենք դրան»,- ասել է Կարեն Կարապետյանը: