Քիչ առաջ ազատ արձակվեց Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված Հայկ Հարությունյանը - Արմեն Աշոտյանը Բաքվում հորդորել է գալիք սերունդներին չսնել հայատյացությամբ - Ոռոգում. Ծիծաղելի կլիներ, սակայն ողբերգություն է - Հերոսներն ընկան՝ պաշտպանելով, իսկ Մանվել Գրիգորյանն ապրում է՝ հերոս տղերքի մայրերին հայհոյելով - Վերնիսաժի սպանության հետքերով. հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. ոստիկանություն (տեսանյութ) - Ինձ համար անընդունելի իշխանությունից ոչ մի կոչում չեմ ընդունում․Հայկ Մարության. Hraparak.am - Կալանավորվել է երկու անձ` այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյան - Ողբերգական դեպք Լոռիում. 14-ամյա տղան ընկել է տրակտորի տակ ու մահացել - Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին - Գողականները մարդ չե՞ն. պատգամավորական զարմանքից անդին

Մահացել է հայտնի պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը


vladimir barkhudaryan

Այսօր 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է վաստակաշատ պատմաբան, հայագիտության բնագավառի ճանաչված կազմակերպիչ, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը: Այս մասին այսօր տեղեկացրել են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։

Վլադիմիր Բարխուդարյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 22-ին` Վրաստանի Մառնեուլի շրջանի Աղքյորփի հայկական գյուղում, ծառայողի ընտանիքում: 1945 թ. նա ընդունվում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ և այն հաջողությամբ ավարտում 1950թ.: Նույն տարում ընդունվում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Ասպիրանտական ուսումնառության տարիներին ակադեմիկոս Սուրեն Երեմյանի ղեկավարությամբ մասնագիտացել է Հայաստանի միջնադարյան պատմության հարցերում: 1954թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական, 1968թ.` դոկտորական ատենախոսությունները:

Վլադիմիր Բարխուդարյանն աշխատանքային մկրտությունը ստացել է Հայաստանի պատմության պետական թանարանում` որպես կրտսեր գիտական աշխատող (1955-1958թթ.): 1958թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում` որպես կրտսեր (1958-1959թթ.), այնուհետև` ավագ (1963-1967թթ.) գիտաշխատող, գիտքարտուղար (1959-1963թթ.), փոխտնօրեն (1967-1990թթ.): 1990 թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ նախագահությունում` որպես ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար (1990-2000թթ.), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար (2000-2005թթ.), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2005-2006), ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2006-2011թթ.), ՀՀ ԳԱԱ նախագահի օգնական (2011-2017 թ.):

Վլադիմիր Բարխուդարյանի գիտական գործունեությունն ընթացել է հայկական գաղթավայրերի, պատմագիտության և հայ-ռուսական հարաբերությունների հիմնահարցերի մշակման ուղղությամբ: Նա առաջին մասնագետներից էր, որ, գիտակցելով գաղթավայրերի պատմության հետազոտության կարևորությունը, դարձավ այդ ուղղության համակարգված ու գիտական նորովի ուսումնասիրության սկզբնավորողներից մեկը: «Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն» (հ.1-2, Երևան, 1967թ., 1985թ.) մենագրության մեջ աղբյուրագիտական հարուստ հենքով լուսաբանել է հայկական գաղութի տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային պատմությունը: Վլադիմիր Բարխուդարյանի ուսումնասիրությունն ակնառու է դարձնում հայկական գաղութի նշանակալի դերը հարավային Ռուսաստանի` Նովոռոսիայի գրեթե անմարդաբնակ տափաստանները յուրացնելու, առևտրատնտեսական կյանքը զարգացնելու գործում:

Վլադիմիր Բարխուդարյանի` Պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժնի ղեկավարության ներքո ստեղծվեցին հայ գաղթավայրերի պատմությանը նվիրված մի շարք հոդվածների ժողովածուներ. «Հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի պատմությունից», «Հայ ազատագրական շարժումները և հայկական գաղթավայրերը 16-18-րդ դարերում» (1985թ.), «Էջեր հայ գաղթավայրերի պատմության» (1996թ.):

Հայաստանի անկախացումից հետո Վլադիմիր Բարխուդարյանը լուրջ ներդրում է ունեցել դպրոցներում պատմության դասագրքերի ստեղծման գործում: Նրա խմբագրությամբ լույս տեսավ հայ ժողովրդի ամբողջական պատմությունն ընդգրկող չորս դասագիրք:

Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ Պատմության, Հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի և այլ հաստատությունների գիտական խորհուրդների անդամ և գործուն մասնակցություն է ունեցել դրանց աշխատանքներին:

Վլադիմիր Բարխուդարյանն առանձնակի ջերմությամբ ու եռանդով է մասնակցել Հայոց եկեղեցու հոգևոր ու գիտամշակութային կյանքին: Նա երկար տարիներ եղել է Բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը:

Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն ավելի քան չորս տասնամյակ` որպես Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, փոխնախագահ, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ծավալել է գիտական-կազմակերպական ակտիվ գործունեություն: Որպես վաստակի գնահատում նա արժանացել է բազմաթիվ պարգևների` ԽՍՀՄ Պատվո նշան, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ շքանշաններ, ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ:

Վաստակաշատ գիտնական Վլադիմիր Բարխուդարյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը ցավակցում են Վլադիմիր Բարխուդարյանի ընտանիքին ու հարազատներին:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. մարտի 25-ին` ժամը 18.00-ին, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ): Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. մարտի 26-ին` ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պողոտա, 24):