Հեքիաթ Գալուստ Սահակյանի մասին


galust-sahakyan

Լինում է, չի լինում՝ Գալուստ Սահակյան, թեև նա մի ժամանակ դպրոց էր տնօրինում, ժամանակ անց տնօրինում էր Ազգային ժողով։ Ասում են, որ այդ չարաբաստիկ կամ թե բարեբախտիկ օրվանից հետո, նա ընդմիշտ մնաց Ազգային ժողովում։ Թեև շատերն էին փորձում Գալուստ Սահակյանին այնտեղից դուրս նետել, սակայն նա սերտաճել էր Ազգային ժողովի հիմնապատերին, և ոչ ոք ի զորու չեղավ տեղաշարժ անել նրան։

Գալուստ Սահակյանը մեկ առավելություն ուներ՝ զվարճացնում էր թագավորությունն ու Ազգային ժողովը, կյանքը թեթև էր անցնում, կատակում էին, և ամեն ցավ ու դարդ, վիշտ ու աշխատավարձ՝ մոռացվում։ Կարճ ասած՝ այս Գալուստ Սահակյանը, իրոք, զվարճախոս և առակախոս էր՝ իսկը Պըլը Պուղին։

Եվ քանի որ մեր ժամանակներում այս կերպարը հավագյուտ է, ապա նրան Ազգային ժողովում պահում-պահպանում էին աչքի լույսի նման։ Օրերից մի օր այս Գալուստ Սահակյանը որոշել էր լուրջ խոսել երիտասարդների հետ, բայց դե չէր ստացվել․ լեզվից թույլ էր։ Նա, լինելով ժամանակակից մարդ՝ այնքան էլ կողմ չէր ամեն տեսակ փոքրամասնություններին և նրանց խորհուրդ էր տվել պայքարել փոքրամասնություների դեմ, և սա այն դեպքում, երբ Գալուստ Սահակյանը՝ ի դեմս Ազգային ժողովի նախագահի, պետք է պայքարեր փոքրամասնությունների իրավունքների համար, ոչ թե դեմ։ Կարճ ասած՝ Գալուստ Սահակյանն անհրաժեշտություն էր երկրին։

Պատմում են, որ նա բարի էր և հումանիստ, որ անգամ պատրաստ էր մոլագարներին գրկաբաց ընդունել՝ բուժել ու ճանապարհել, անհրաժեշտության դեպքում՝ ապաստան տալ տանը․ ահա այսպիսի եզակի և բարի մարդ էր նա։ Իհարկե, ասում են, որ խոսքը մի կնոջ մասին էր, որին նա մոլագար էր համարում, սակայն այդպես էլ պարզ չդարձավ՝ գոյությունի ունի՞ սույն կինը, թե՞ Ազգային ժողովի հերթական աճպարարություններից էր։ Ինչևէ։

Գալուստ Սահակյանը մեկ առավելություն էլ ուներ, նա սիրում է ասել ճշմարտությունը, թեև երբեմն դա ճշմարտություն էլ չէր, սակայն նա համոզված էր, որ իր բոլոր ասածները ճշմարտություն են։ Ի դեպ, մի անգամ նա իրոք ճշմարտախոսում էր, սակայն նրան այդպես էլ ճիշտ չհասկացան։ Ասում են՝ մի անգամ նա հասկանալով ժողովրդի տառապանքները՝ խոստացել էր ընտրակաշառքը ժամանակին բաժանել՝ ընտրություններից մի քիչ շուտ, բայց ընտրություններից ոչ ուշ։ Մարդիկ նրան լավ չէին հասկացել և ընտրակաշառքը մի քիչ շուտ էին պահանջել։

Պատմում են, թե ինչպես էր զայրացել Գալուստ Սահակյանը․ նա ազգային ժողովի նիստ էր հրավիրել և պատգամավորներին հորդորել՝ իրենց ընտրատարածքի մարդկանց գնալ և հասցնել ԱԺ նախագահի խոսքը՝ ընտրակաշառքը կտանք ժամանակին՝ ոչ շուտ ընտրություններից, սակայն նաև ընտրություններից ոչ ուշ՝ երբ ժամանակը գա, համբերեք, սակայն այս անգամ, կարծես թե մարդիկ նրան չէին հավատում։ Կասկածում էին, որ կխոստանա, թե փողը ժամանակին կբաժանեն ու չի տա։

Ժուկով ժամանակով ապրում էր Ազգային ժողովում Գալուստ Սահակյանը։ Եվ նա մի անգամ, իրոք, ասաց ճշմարտությունն ընտրակաշառքի մասին, որ միայն ժամանակին փողը կտանք՝ ոչ շուտ և ոչ ուշ, սակայն չհավատացին նրան։

Եվ մենք պատմեցինք Գալուստ Սահակյանի մասին այս հեքիաթը, երբ ցերեկ չէր, ոչ էլ առավոտ, գիշերը դեռ չէր եկել, երեկոն անցել էր…

NEWSPRESS.am

Հովիկ Աբրահամյանի մասին հեքիաթն՝ այստեղ